Կուշտը սովածին ո՞՜նց կհասկանա
ՆԵՐՍԻՑ ՄԵՐ ԱՉՔՆ ԵՆՔ ՀԱՆՈՒՄ, ԴՐՍԻՑ՝ ԵՐԵԿ-ՄԵԿԵԼ ՕՐՎԱ ԽԱՇՆԱՐԱԾՆԵՐԻ
Հաջորդ տարվա բյուջեի քննարկումներն այսօր իշխանական թաքնված շատ ծալքեր վերհանեցին: Արի ու տես, որ գալիք տարվա բյուջեի նախագիծը որոշ ՀՀԿ-ականների սրտով չէ, ինչն ամենևին պատահական չէ: Եթե ընդդիմության քննադատական կեցվածքը սպասելի է, ապա մի քանի ՀՀԿ-ականների մտահոգությունը հուշում է՝ իշխանության ներսում ամեն բան հարթ չէ:
Չանդրադառնալով ներիշխանական հակասություններին՝ խոսենք 2018-ի բյուջեի նախագծի ու դրան առնչվող հայտարարությունների մասին:
2018-ի բյուջեում կրճատվել են բազմաթիվ ոլորտների հատկացումները. մասնավորապես՝ կրթության, սոցիալական: Արդեն երրորդ տարին է աշխատավարձի, թոշակների բարձրացում չկա, և առաջիկա տարիներին չի էլ լինելու: Ու այսքանից հետո անհասկանալի լավատեսությամբ իշխանությունը հանրությանը հորդորում է դիմանալ թանկացումներին, սովորել ապրել այդ պայմաններում: Այսինքն՝ վատ պայմաններից հետո հարմարվել վատթարին:
Ասես մինչ օրս մենք դրախտում էինք ապրում, երկնքից մանանա էր թափվում, որ հիմա էլ «դրախտից դժոխք» տեղափոխությունն են առաջարկում: Իսկ իրականությունն այլ է՝ 25 տարի հանրության մի փոքր խումբ լիուլի օգտվել է բոլոր տեսակի բարիքներից, կուտակել այնքան, որ չծնված թոռներն էլ կարող են վայելել ու հիմա տաքուկ տեղից խորհուրդներ է տալիս: Ժողովրդական փորձված խոսք կա՝ կուշտն ի՞նչ գիտի սովածի հալը: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր խորհրդարանում տարակուսած ձեռքերն էր այս ու կողմ թափահարում, թե իրեն զարմացնում են գնաճի մասին խոսակցությունները:
- Ինձ զարմացնում են ձեր հարցերը գնաճի մասով: Դա հնարած երևույթ է, մենք այս տարի գնաճի հետ խնդիր չունենք,- հանդիմանում էր նա:
Իսկ հետո, կարծես ինչ-որ բան հիշելով, ասում է՝ կան ապրանքներ, որոնք թանկացել են, իսկ առաջիկա գնաճին էլ բնորոշ է լինելու սեզոնայնությունը: Ասել է թե՝ նոր գնաճն անխուսափելի է, ու ինքն էլ դրա կողմնակիցն է (կամ՝ պատվիրատուն): Վերջում էլ հավելում է, թե 1.7 տոկոս գնաճը նորմալ գնաճ է:
Այս պատմությունը հիշեցրեց օրեր առաջ մսավաճառ-սպառող երկխոսությունը: Արի ու տես, որ մսավաճառը նույնպես գնորդներին «ապացուցում» էր, թե ոչ մի թանկացում էլ չկա, իսկ թանկացումների մասին խոսակցությունները տարածում են լրագրողները, որոնց գործն ու նպատակը խուճապ առաջացնելն է: Իսկ երբ հարցնում են, իսկ ինչո՞ւ է միսը 4-5 օրում 300 դրամով թանկացել՝ մսավաճառը կատվի նման կողի չէր ընկնում՝ ոչ մի թանկացում էլ չկա:
Գրեթե նույն կերպ էլ Ջավադյանն է փորձում մարդկանց ականջներից լափշա կախել՝ գնաճին զուգագեռ աշխատավարձերի բարձրացում կա: Այդ ի՞նչ բարձրացում է, որ քաղաքացիներն իրենց մաշկի վրա չեն զգում, եկամուտները չեն ավելանում են: Երևի, Կառավարության անդամն իր այս «լեզվի սայթաքումով» պաշտոնյաների եկամտի բարձրացման մասին էր ակնարկում:
Չմոռանանք, որ այս ֆոնին Կենտրոնական բանկը նախորդ տարի շռայլություններ է թույլ տվել՝ տարեկան 20 հազար դոլար ծախսել էր ամսագրերի, ևս այդքան՝ գրականություն ձեռք բերելու համար: Սա էլ բավական չէ, Ջավադյանը որպես սրտի մխիթարանք, ասում է՝ Ադրբեջանում գնաճը 13 տոկոս է: Համեմատում է մի պետության հետ, որի քաղաքացիները երբեմն Հայաստանը Շվեյցարիա են համարում և որտեղ Հայաստանից ավելի վատ վիճակ է:
Իրեն հարգող պաշտոնյան ինչպե՞ս կարող է չափանիշ ընտրել վատթարը՝ օրինակելիներին նմանվել ձգտելու փոխարեն: Այս համեմատությունն, անկեղծ ասած՝ նույնիսկ վիրավորական է մեր ժողովրդի համար:
Մի խոսքով՝ ներսից մեր աչքն ենք հանում, դրսից՝ ուրիշի: Ու այդ ուրիշն էլ ոչ այլ ոք է, քան հայի արյան ծարավ երեկ-մեկել օրվա խաշնարածը: