«Սառը ցնցո՞ւղ», թե՞ բեմադրված սցենար
ԻՆՏՐԻԳԸ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՆՎՃԱՐ «ՓԻԱՌ»
Անշնորհակալ ու բարդ գործ է՝ քաղաքական խաղերի ենթատեքտսերն ընկալելը. առավելևս՝ մենաբանելը: Խաղը մնում է խաղ, որի ընթացքից, խաղացողների բարոյական նկարագրից ավելի էական է դրա հաղթական ավարտը: Ավա˜ղ, մեր քաղաքական դաշտը վաղուց ի վեր խաղահրապարակ է հիշեցնում, որտեղ խաղալու ախորժակը հետզհետե մեծանում է ...
ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի համակիր, իսկ ըստ տեղեկությունների՝ դաշինքի ստվերային ղեկավար Սամվել Բաբայանի ձերբակալությունը նախընտրական այս շրջանի ամենամեծ ինտրիգներից էր: Համենայնդեպս, ՕՐՕ դաշինքը հարայ-հրոցով արեց ամեն ինչ` հանրությանն իր առանցքի շուրջ պտտեցնելու համար:
- Բաբայանի կալանավորումը քաղաքական երանգ ունի, Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է: Մենք ամեն ինչ կանենք` պաշտպանելու Սամվել Բաբայանի իրավունքները,- ռազմական հռետորաբանությամբ ասում էին ՕՐՕ-ականները:
Ինքնադրսևորելու ու իր մասին հիշեցնելու առիթը բաց չթողեց «Հիմնադիր խորհրդարանը»` հայտարարելով, թե կսատարի ՕՐՕ-ին, որը պատրաստ է ընդվզման գործընթաց սկսելու:
ՕՐՕ-ի լիդերները, սակայն, այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեցին, որ դեմ են և չեն ողջունում քաղաքականության մեջ զենքով հարց լուծելը:
Հարց է առաջանում` եթե ընդդիմադիր դաշինքը դեմ է դրան, հույսը միայն ընտրություններ են, ապա ինչպե՞ս կարող էր Սամվել Բաբայանը արյունահեղությունից, կրակելուց խոսեր (եթե չհավատանք հենց Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքին):
Պաշտպանության նախկին նախարարը, սակայն, ժամեր անց «սառը ցնցուղ» լցրեց ՕՐՕ-ի գլխին: Նրա փաստաբանը հայտարարեց, որ Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում, ապա հորդորեց իր պաշտպանյալի ձերբակալության մեջ քաղաքական երանգ չտեսնել: Սա իսկական շոկ է ՕՐՕ-ի համար, որի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե իրավիճակը դրանից չի փոխվում: Ավելին` դաշինքը Բաբայանի մասին հայտարարությունը պարտավոր չէր համաձայնեցնել նրա հետ:
ՕՐՕ-Բաբայան հարաբերությունների հանգուցալուծմանը, «է՛լ գող փիսո», «է՛լ քաչալ շուն» մեղադրանքները, հավանաբար, կլսենք հետո: Սակայն պմդողներ կան, թե Բաբայանը իշխանության հետ համաձայնության է եկել, և չի բացառվում` նրան ապրիլի 2-ի ընտրություններից հետո ազատ արձակեն: Այդ պատճառով էլ նման «մեղայականներ» ենք լսում: Դե սա բնորոշ է Բաբայանի «ձեռագրին»` մտնել քաղաքական գործընթացի մեջ, հետո այն կիսատ թողնել ու անհետանալ: Դաշնակցական պատգամավոր Կիրո Մանոյանը երևի մի բան գիտեր, որ օրեր առաջ ասում էր, թե իշխանությունը Սամվել Բաբայանին ներդրել է ՕՐՕ-ի դաշինքի վարկանիշը բարձրացնելու համար:
Այսպես թե այնպես՝ անշնորհակալ ու բարդ գործ է քաղաքական խաղերի ենթատեքտսերն ընկալելը. առավելևս՝ մենաբանելը: Խաղը մնում է խաղ, որի ընթացքից, խաղացողների բարոյական նկարագրից ավելի էական է դրա հաղթական ավարտը: Ավա˜ղ, մեր քաղաքական դաշտը վաղուց ի վեր խաղահրապարակ է հիշեցնում, որտեղ խաղալ ձգտողները հաճախ հաշվի չեն առնում իրենց այդ դաշտ «նետող» քվեատիրոջ ակնկալիքը: