Հերթականը՝ 701-րդը
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՄԱՐԴԱՀԱՄԱՐ»
Ինչպես և սպասվում էր՝ անցանկալի անձանց ադրբեջանական ցուցակը նոր «համալրում» ստացավ. 701-րդ հորիզոնականում գրանցվեց CNN հեռուստաընկերության հաղորդավար, ամերիկացի շեֆ խոհարար Էնթընի Բուրդերը: Պատճառը հայտնի էր ի սկզբանե՝ այցելություն Լեռնային Ղարաբաղ՝ առանց հեյդարօլու «դաբրո»-ի:
Այս մասին գրել է panorama.am-ը՝ հղում անելով The Washington post պարբերականին:
Պարբերականի հոդվածագիրը հարցադրում է կատարում, թե ո՞րն է նրա հանցանքը ու պատասխանում՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունը։
- Առանց Ադրբեջանի պաշտոնական թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելելը Ադրբեջանի համար նշանակում է քրեական հանցագործություն։ Ադրբեջանն ամբողջ աշխարհով մեկ 700 անունից բաղկացած ցուցակ ունի, որոնց այևս չեն ողջունում իրենց պետությունում։ Այս ցուցակում ներառված են պաշտոնյաներ, ԵՄ անդամներ, լրագրողներ և ակտիվիստներ։
Այս շաբաթ ևս մեկ անուն ավելացավ։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևի՝ Բուրդերը նման ցուցակում ներառվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնավարության հարցում հարգանք չցուցաբերելու համար,-նշված է հոդվածում։
Հոդվածում անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու նշվում, որ երկու պետությունների միջև խաղաղությունը լավագույն դեպքում կարելի է փխրուն համարել։
Հետաքրքիր է, գոնե այս իրողությանը ծանոթ The Washington post-ի լրագրողին ընկալելի՞ է ադրբեջանական այս տրամաբանությունը: Ազատ տեղաշարժի իրենց իրավունքով մարդիկ ուզած վայրն են այցելում, բայց «քրեական» են ճանաչվում Բաքվի կողմից: Իսկ հակամարտության կարգավորմամբ զբաղվողներն ու Ադրբեջանով հիացող տերությունները երբևէ չեն արձագանքել ազատ տեղաշարժի վրա բռնացող այս փաստին: