Թեղուտին հաջորդելու է Ամուլսա՞րը
ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԽԱԲԵԼ ԴՐՍԻՆ
Բնապահպաններին պետք է լսել, հատկապես՝ հանքարդյունաբերության զարգացման ախորժակ ունեցող երկրում: Հայաստանը բացառություն չէ:
Արդեն մի քանի տարի է, որ բնապահպանները պահանջում են չշահագործել Թեղուտի ու Ամուլսարի հանքերը, որոնք սարսափելի վնաս են հասցնում բնությանը: Հայաստանի պատկան մարմիններն ականջներն ու աչքերը փակած՝ չլսելու են տվել բնապահպանների մտահոգությունը: Իսկ երբեմն էլ խնդրի էությունն աղավաղելով բնապահպաններին մեղադրել են արտաքին ուժերի պատվերը կատարելու, երկրում խժդժություններ առաջացնելու համար:
Չնայած սրան, բնապահպանները չեն դադարեցրել պայքարը:
Եվ ահա սայլը տեղից կարծես շարժվել է: Ժողովրդական խոսք կա՝ կաթիլը քար է ծակում:
Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) իր կայքում հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն, որ PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ դադարեցնում է 2013-ին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկի տրամադրումը:
Այդ վարկը տրամադրել էր կենսաթոշակային հիմնադրամը, որ «Վալեքս» ընկերությունը գնի դանիական FLSmidth ընկերության արտադրած հանքարդյունաբերական սարքավորումները, իսկ EKF-ը գործարքում ներգրավված էր որպես գումարի երաշխավոր՝ վարկի չմարման դեպքում։ Ու ահա 4 տարի անց վարկային համաձայնությունը խզվում է, քանի որ «Վալեքս» ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չի շտկվել:
Իսկ վնասներից տուժել է ոչ միայն Շնող գետը, այլև դրանով ոռոգվող հողատարածքները: Թեղուտ գյուղի բնակիչները բազմիցս ահազանգել են խնդրի մասին, անգամ փոխհատուցում պահանջել, բայց՝ ապարդյուն: Էլ չենք խոսում հանքեր ունեցող տարածքներում քաղցկեղի տարածվածության մասին:
Ինչո՞վ է ուշագրավ այս տեղեկատվությունը:
Նախ, պարզվում է՝ դանիացի լրագրողները ևս անտարբեր չեն մեր բնության ու մարդկանց առողջության պահպանման խնդրով և պարբերաբար անդրադարձել են Թեղուտի խնդրին: Հենց նրանք են բարձրաձայնել հանքի շահագործման հետևանքների ու իրավիճակը չշտկելու մասին: Եվ նրանց հրապարակումները տվել են իրենց արդյունքը: Դանիական ընկերությունը, մտածելով իր վարկանիշի մասին, որոշել է խզել վարկային համաձայնագիրը: Վարկը, ի դեպ, պետք է վերադարձվի ամբողջությամբ՝ առանց դանիական կողմերի համար որևէ կորստի:
Երկրորդ՝ այս որոշումը կարող է նախադեպ լինել Հայաստանում գործող մյուս խնդրահարույց հանքերի, օրինակ Ամուլսարի համար: Ըստ տեղեկությունների՝ Ամուլսարի հանքը պատկանում է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին ու Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզին: Չար լեզուներն ասում են, որ սրա պատճառով Հայաստանի պատկան մարմինները չեն «կարողանում» հանքի շահագործման դեմն առնել:
Երրորդ հետևություն՝ գուցե հիմա իշխանությունը վերանայի հանքերի շահագործման մասին օրենսդրությունը, սահմանի խիստ չափորոշիչներ, որոնց առջև անզոր կլինի ցանկացած երկրի արքայազն կամ նույնիսկ տեղական ինչ-որ օլիգարխ: Ժամանակն է՝ վերջապես հասկանալ, որ այլևս անհնար էմոլորեցնել միջազգային կազմակերպություններին՝ նրանցից շարունակ գումարներ կորզելով բարբարոսական ծրագրերի կատարման համար: