Այս օրենքին դեմ լինելը բռնություններին կողմ լինել չէ՛

ՎՏԱՆԳԱԼԻ ԵՆ ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ ՍՈՂԱՆՑՔՆԵՐԸ

Հավանաբար հիմնազուրկ չեն պնդումները, թե Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքի նախագիծն ասպարեզ է բերվել բավական կոնկրետ նպատակներով ու, որքան էլ ցավալի է հնչում՝ պարտադրմամբ: 
Թեև սա նոր բան չէ, սակայն փոքր-ինչ «տարօրինակ է», որ արդեն վաղուց «քնած» թեման նորից է արծարծվում, այն էլ՝ նման վճռականությամբ:
 
Հասկանալի է, որ օրինագիծը կընդունվի, ուստի մնում է հուսալ, որ քննարկումների վերջնարդյունքում չի ունենա այն տեսքը, որն ունի հիմա. գոնե կլինեն համապատասխան փոփոխություններ, որոնք կնպաստեն, որ օրենքի կիրարկումը չաղավաղի հայկական ընտանիքի վարքուբարքը, կենցաղն ու ավանդույթները: 
 
Խոսքը, բնականաբար, ծեծուջարդով ընտանիք կազմելու և պահելու մասին չէ, ինչպես սովոր են օրենքին դեմ արտահայտվողներին հակադարձել օրինագծի կողմնակիցները: 
 
Ընդամենը մեկ օրինակով փորձենք հիմնավորել, որ նախագիծն ունի տարընթերցումների սողանցքներ, որոնց ներքո լրջագույն վտանգներ են թաքնված: 
 
Համաձայն Հոդված 3-ի առաջին կետի երրորդ ենթակետի՝ օրենքն ընդունում է երեխայի շահերի առաջնահերթությունը: Հրաշալի է, սակայն օրենքը սահմանում է նաև բռնության տեսակներ, որոնցից մեկը տնտեսականն է՝ 
 
- ...դիտավորությամբ բնակության վայրից, սննդից կամ  այլ անհրաժեշտ միջոցներից զրկելը, որոնց նկատմամբ անձն ունի օրենքով սահմանված՝ տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունք, ինչպես նաև անձի աշխատելու իրավունքն ապօրինաբար սահմանափակելը կամ օրենքով նախատեսված այլ աղբյուրներից նյութական միջոցներ ստանալն արգելելը: 
 
Իսկ ո՞վ, ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով է որոշելու՝ արդյոք, տվյալ երեխան այս կամ այն վիճակում է հայտնվել տնտեսական բռնությա՞ն հետևանքով, թե՞ պարզապես չքավորության: Չէ՞ որ հնարավոր են դեպքեր, երբ երեխան չի ենթարկվում որևէ տեսակի բռնության, սակայն, լինելով ծայրաստիճան աղքատ ընտանիքի զավակ, իսկապես զրկված է կենսաապահովման բոլոր միջոցներից: Եվ ի՞նչ, ստացվում է, որ, երեխայի շահը համարելով գերակա, նրան պետք է զրկել (փորձում ենք ձեռնպահ մնալ «խլել» արտահայտությունից) ծնողներից ու տանել ժամանակավոր ապաստարան՝ հանուն այդ նույն շահերի առաջնահերթությա՞ն… 
 
Նման օրինակները բազմաթիվ են, սակայն մենք անդրադարձանք միայն մեկին՝ դա էլ բավարար համարելով օրենքի «բարի նպատակները» կասկածի ենթարկելու համար: 
 
Դեմ լինել օրենքին՝ չի նշանակում կողմ լինել բռնությանը. այս մասին բազմիցս է ասվել, ինչպես նաև բազմիցս խոսվել է օրենքի զանազան վտանգների ու թերությունների վերաբերյալ, իսկ դրանք այնքան շատ են, որ դժվար է նույնիսկ պատկերացնել, թե անգամ փոփոխություններից հետո (հուսանք, որ այդպիսիք, իհարկե, լինեն) ինչպե՛ս պիտի կիրարկվի օրենքը, որ չվնասի ու չապականի այն բոլոր ոլորտները, որտեղ կմտնի…