Բացահայտվա՞ծ չէ, արդյոք, պատվիրատուն

ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Հոկտեմբերն իր 27-րդ օրվա արյունահեղությամբ ամրագրվեց մեր նորօրյա՝ առանց այդ էլ անուրախ տարեգրության մեջ: Ու որքան էլ երկարուձիգ 18 տարիները ոչինչ չավելացրին առաջին իսկ օրը տարածված տեղեկատվությանը, հանրությունը հո լա՛վ գիտե, թե հատկապես ով կարող էր լինել այդ սպանդի պատվիրատուն: Նման պատվերները սովորաբար կատարում և պատիժներն էլ կրում են վարձու համբակները, թեև պատվիրատուի ձեռագիրն անծանոթ չէ: 
 
1999-ի հոկտեմբերի 27-ի նախճիրի նման դեպքերն, ասում են, շատ ավելի ուշ են բացահայտվում: Ավելի ստույգ՝ ճշմարտությունն է ուշացումով բարձրաձայնվում:
 
Սոցիալական ցանցում անկախ քաղաքագետ Սարգիս ԱՐԾՐՈւՆՈւ այս անդրադարձն այդ իրողության բարձրաձայնումն է, որը չի կարող անտարբեր թողնել նաև մեր ընթերցողին:
 
18-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ․ ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽՎԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ «ԱԼՖԱՅԻ» ՍՊԱՆԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
 
«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում Գառնիկ Իսագուլյանը փորձել է հերքել Հոկտեմբերի 27-ի ռուսական հետքը` պնդելով, թե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը սերտ կապեր են ունեցել ռուսական էլիտայի հետ: Բավականին պարզունակ հնարք է, որովհետև Հայաստանում սկզբունքորեն չկա որևէ լուրջ քաղաքական գործիչ, ով տառապում է քաղաքական այնպիսի անհամարժեքությամբ, որպեսզի անտեսի հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը: Խնդիրն այդ հարաբերությունների որակն ու բովանդակությունն է:
 
Կարեն Դեմիրճյանը դժբախտաբար չհասցրեց իր որակները դրսևորել արտաքին քաղաքական հարաբերություններում` չնայած մեր ավագ սերնդի ընթերցողներն հիշում են, որ նույնիսկ Սովետի տարիներին Կարեն Սերոբիչը, ի տարբերություն մյուս հանրապետությունների իր կոլեգաների, չէր քծնում Մոսկվային և «գենսեկի» հետ շփվում էր գործընկերային մակարդակում: Իսկ Վազգեն Սարգսյանի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հարաբերություններն այնքան գործընկերային և հորիզոնական են եղել, որ կարելի էր անգամ պատկերացնել, որ գործ ունենք ռեսուրսներով համարժեք երկու երկրների պետական պաշտոնյաների հարաբերությունների հետ:
 
- Մենք որբ չենք, որ ով ուզի` գլուխներս խուզի,- մի առիթով, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասել է Սպարապետը:
 
Մյուս կողմից՝ ելցինյան Ռուսաստանի հետ հնարավոր էր գործընկերություն անել, սակայն 90-ականների վերջից` հատկապես վարչապետի պաշտոնում Վլադիմիր Պուտինի նշանակումից հետո, կայսերական քաղաքականությունը դարձավ դոմինանտ Ռուսաստանի իշխանությունների համար:
 
Չմոռանանք հիշել մեկ այլ կարևոր հանգամանք, որ «մոռանում» են Վազգեն Սարգսյանին «ռուսամետ» համարողները: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից որոշ ժամանակ առաջ նա ԱՄՆ-ում արժանացել էր բարձ մակարդակով ընդունելության և իրազեկ աղբյուրների պնդմամբ՝ փոխնախագահ Գորը Հայաստանի վարչապետին էր փոխանցել մեր երկրի կոռումպացված և Ռուսաստանի էլիտայի հետ կապված պաշտոնյաների մի ցուցակ: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Վազգեն Սարգսյանը նոր թափ հաղորդեց կոռուպցիայի և տնտեսության ստվերի դեմ պայքարին, իսկ դա նույնն է, թե Հայաստանում արմատախիլ անել ռուսական ազդեցության արմատը:
 
Գառնիկ Իսագուլյանի մյուս պնդումն այն է, որ եթե գերտերություն, տվյալ դեպքում` Ռուսաստանը, կազմակերպած լիներ Հոկտեմբերի 27-ը, հոգ կտաներ, որպեսզի ֆիզիկապես ոչնչացվեին ոճրագործությունը կատարողները: «Առաջին լրատվական»-ի զրուցակիցը մոլորության մեջ է, կամ էլ՝ նպատակ ունի մոլորեցնել հազարավոր ընթերցողների, որովհետև ոճրագործությունից անմիջապես հետո Մոսկվան մտադրություն է ունեցել ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնել ոճրագործներին, այլև՝ «մաքրել» նրանց հանցագործության բոլոր հետքերը: Խորհրդարանի կրակոցներից արդեն ժամեր անց Երևանում էր ռուսական «Ալֆա» հատուկ նշանակության ստորաբաժանումը, ընդ որում` անկոչ հյուրի կարգավիճակով:
 
Մասնագետներն ասում են, որ ռուսական «Ալֆան» կարող է կոմպլեկտավորվել և դեպքի վայրում լինել լավագույն դեպքում՝ կես օր հետո, իսկ Երևան էր ժամանել ընդամենը ժամեր անց: Սա, ի դեպ, խոսուն ապացույց է, որ Մոսկվայում առնվազն կանխավ տեղյակ են եղել Հոկտեմբերի 27-ի մասին:
 
Ռոբերտ Քոչարյանը կողմ է եղել խորհրդարանի շենք «Ալֆայի» ներխուժմանը, իսկ եթե դա տեղի ունենար, ապա կգնդակահարվեին ոչ միայն ոճրախմբի անդամները, այլ նաև՝ ողջ մնացած պատգամավորները, կոչնչացվեին ահաբեկչության բոլոր հետքերը: Սակայն խորհրդարանական կրակոցներից անմիջապես հետո Հայաստանի բանակը և ռազմական ոստիկանության ստորաբաժանումները վերահսկողության տակ էին առել Ազգային ժողովի շենքը և, ըստ էության, կանխել են «Ալֆայի» «արյունոտ արշավանքը» խորհրդարան:
 
Ի դեպ, «Ալֆայի» մուտքին Հայաստանի խորհրդարան կտրականապես դեմ է եղել նաև Հայաստանի գործող ոստիկանապետ, Ռազմական ոստիկանության այն օրերի պետ Վլադիմիր Գասպարյանը, ով ոճրագործությունից հետո անմիջականորեն էր ղեկավարում խորհրդարանի շենքի վերահսկողությունը:
 
Ահա ևս մեկ պատճառ, թե ինչու են Մոսկվայում մինչև այսօր «պատերազմ» հայտարարել Հայաստանի բանակին, որը փաստորեն ռուսական կայսերական ծրագրերին ընդդիմացել է ոչ միայն հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում: