Մե՞ղր, թե՞ թույն ժողովրդին
ԳՈՆԵ ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԺՈՂՈՎՐԴԱՇԱՀ
Նույն ծաղկից մեղուն մեղր է քամում, օձը՝ թույն: Եվրամիության համաձայնագիրն էլ ծաղկի պես մի բան է՝ մի իշխանություն կարող է մեղր քամել իր ժողովրդի համար, մեկն էլ՝ թույն ստանալ:
Օրեր առաջ հասանելի դարձավ Հայաստան-ԵՄ համաձայնագրի բովանդակությունը, որի մասին մեկ տարուց ավելի է՝ խոսում ենք:
Համաձայնագրի բովանդակությունից տպավորությունը հիմնականում դրական է՝ ՏՏ, էներգետիկ ոլորտներիի զարգացում, այդ թվում՝ նաև այլընտրանքային էներգիայի զարգացում, միջմշակութային երկխոսություն: Մինչ համաձայնագրի հրապարակվելը մտավախություն կար, որ Հայաստանին գուցե պարտադրվի Եվրոպական «չարժեքները», որոնց ձեռքն այսօր կրակն է ընկել նույն Եվրոպան՝ տարատեսակ փոքրամասնությունների իրավունքների ամրագրում և բիրտ պահանջատիրություն՝ ավանդական արժեհամակարգ ունեցողներից: Սակայն հավանաբար մեծ է եղել այդ ճանապարհով դրամաշնորհ ստացողների հուսախաբությունը, երբ կարդացել են համաձայնագրի, դիցուք, 102-րդ հոդվածը:
- …ապահովել ՀՀ, այդ թվում՝ դրա պատմության և մշակույթի մասին առավել շատ տեղեկացվածություն և ՀՀ ընկալումը Եվրոպական միությունում և մասնավորապես՝ անդամ պետություններում գտնվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շրջանում՝ այդպիսով հետագա հարաբերությունների համար ապահովելով հնարավորությունների և մարտահրավերների մասին իրազեկության ավելի բարձր մակարդակ, և ապահովել Եվրոպական միության մասին առավել շատ տեղեկացվածություն և Եվրոպական միության ընկալումը ՀՀ-ում:
Փաստացի սա նշանակում է, որ քաղհասարակություն ակտիվ ներկայացուցիչները պետք է զբաղվեն հայոց բարձրարժեք մշակույթի տարածմամբ, այլ ոչ թե մեր մշակույթին և արժեհամակարգին խորթ երևույթների քարոզչությամբ:
Համաձայնագրի բովանդակության կարևոր կետերից է նաև ՏՏ ոլորտի զարգացումը: Ոլորտի ընտրությունը պատահական չէ, քանի որ Հայաստանում լավ «ուղեղներ» կան:
Մեզ համար մյուս կարևոր ոլորտը էներգետիկան է: Համաձայնագրում անդրադարձ կա նաև Մեծամորի ատոմակայանի փակմանը: Դրույթ, որը մտահոգիչ է պատերազմող երկրի համար: Սակայն, ինչպես հիշեցրին մասնագետները, առաջին անգամ չէ, որ խոսում են ատոմակայանի փակման մասին: Պարզապես համաձայնագրի այս տարբերակում փակման ժամկետ չի նշվում, և դեռ կարելի է հուսալ, որ Եվրամիությունը կաջակցի Հայաստանի՝ դրա փակման ու նույն հզորությամբ մեկ այլ կայանի ստեղծման գործում՝ եթե, իհարկե, նորի անհրաժեշտությունը զգացվի:
Կարևոր է նաև այն, որ պետք է կազմվի ճանապարհային քարտեզ՝ ատոմակայանի անվտանգ ապագործարկման համար: Ուրեմն՝ մանրակրկիտ պետք է պլանավորել նաև ատոմակայանից թափոնների անվտանգ դուրս բերումը:
Բայց, որպես հակադարձում, Եվրամիությանը կարելի է հիշեցնել, որ Թուրքիայում մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի աջակցությամբ նոր ատոմակայանի կառուցումն է սկսվել, Ադրբեջանն էլ իր երկրում է վերսկսել ատոմակայանի շինարարությունը:
Սրան զուգահեռ պետք է կարևորել այլընտրանքային էներգիայի ոլորտը, որի զարգացման, ներուժի մասին անգամ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզս է խոսել:
Մտահոգիչ դրույթ է նաև միջազգային քրեական դատարանի ստեղծումը:
Բանն այն է, որ բարձրագույն դատական ատյանը երկրի ինքնիշխանության կարևոր բաղադրիչ է: Սրա պատճառը, հավանաբար, մեր դատարանների ոչ բարի (մեղմ ասած) համբավն է: Բայց Միջազգային քրեական բարձրագույն բարձրագույն դատարանը կարող է առանց Հայաստանի համաձայնության դատել ՀՀ քաղաքացուն: Սակայն կարծում ենք, որ նման դեպքերը կարելի է բացառել՝ ճիշտ աշխատելու դեպքում, եթե մեր իշխանությունը գոնե այսուհետ սկսի դրսևորել ժողովրդի հանդեպ իր սերն ու պատասխանատվությունը: