«Կոլցո» օպերացիան նորացվում է…

ՀԱՃԿԱՏԱՐ ՀԵՌԱՏԵՍՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀԵՌԱՏԵՍ ՁԵՌՆՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Եթե Ռուսաստանի մտրակի հուժկու հարվածները զգացած չլինեինք՝ գուցե թե այսքան տագնապով չընդունեինք հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը, որը երկու օր առաջ վավերացրին հայրենի օրենսդիրները՝ ձայների մեծամասնությամբ: Սակայն բացի 1-2 պատգամավորից, ովքեր վստահաբար պնդում են, թե այս համաձայնագիրը մեր անվտանգության երաշխավորն է, պատգամավորների մեծ մասը լռեց: Միայն «Ելքի» պատգամավորները բարձրաձայնեցին իրենց մտահոգությունը: 
 
Նախ հիշեցնենք համաձայնագրի բովանդակությունը: Ըստ փաստաթղթի՝ հայ-ռուսական միացյալ զորքերի կազմը որոշում են լիազոր մարմինները, որոնք, ըստ համաձայնագրի՝ երկու երկրների պաշտպանության նախարարություններն են: Լիազորված մարմինները, ռազմաքաղաքական իրավիճակի համապատասխան վերլուծության և համաձայնեցված եզրահանգումների հիման վրա, հաշվի առնելով հնարավոր սպառնալիքների ուղղվածությունը և զորքերի կիրառման ընդհանուր մտահղացումը՝ տալիս են իրավիճակի գնահատականը։
 
Ըստ փաստաթղթի՝ միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում և ազատում է ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Խաղաղ պայմաններում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակաշրջանում՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ կողմերի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին:
 
Փաստաթղթին դեմ քվեարկեց «Ելք» դաշինքը, որի հիմնական անհանգստությունը ռազմական իրավիճակում  ռազմական ղեկավարության հավանական կաշկանդվածությունն է: Եթե մեր հակառակորդ Ադրբեջանը, Թուրքիայի դրդմամբ, Աստված մի արասցե, ռազմական լայնածավալ գործողություններ սկսի, հայկական կողմը համարժեք պատասխան տա ու առաջ գնա՝ պաշտպանության համար նոր դիրքեր  ազատագրելու, բայց մեր դաշնակից Ռուսաստանը դրան համաձայն չլինի, ի՞նչ է լինելու: 
 
Սցենար առաջին. Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է բավարարվել միայն  պաշտպանական մարտեր մղելով: Սցենար 2-րդ. իբր հանուն խաղաղության, Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է տարածքային զիջումների գնալ՝ ինչպես եղավ 1920 թ-ին, երբ բոլշևիկյան իշխանությունը Թուրքիային հանձնեց Կարսն ու Սուրմալուն: Իսկ այն, որ Մոսկվան ու ԱՄՆ-ը դեմ չեն Արցախի հարցը տարածքային զիջումներով լուծելուն՝ բազմիցս է ապացուցվել: 
 
Ռուսամոլները «դուխով» պնդում են՝  հայ զինվորն առաջ է գնալու, հասնի Մուշ, Արդահան: Ռուսամետների մի խումբ էլ  վստահեցնում է, թե  ընդհանուր ագրեսիայի ժամանակ  մեր շեկ «ախպերը» կաջակցի մեզ, ՀԱՊԿ-ը մեր կողքին կլինի: Սակայն Ռուսաստանին հաճոյանալով՝ այսպես պնդողները մոռանում են ապրիլյան պատերազմի մասին: Որտե՞ղ էր  ՀԱՊԿ-ը, ինչո՞ւ էր լռում, ինչո՞ւ ՌԴ նախագահը հասցեական քննադատություն չուղղեց պատերազմ սկսած Բաքվին, այլ փոխվարչապետի մակարդակով Ադրբեջանին զենք վաճառելը վերստին համարեց օրինաչափ: 
 
Այստեղ ի հայտ է գալիս մեր ռուսամետների բարդույթավորված, ամբողջ կյանքում այլոց շվաքի տակ կուչուձիգ եկած մտածողությունը: Հենց այդ մտածողութամբ էլ հակառակ կարծիք հիմնավորողներին ագրեսիվորեն մեղադրում են ԱՄՆ-ի պատվերակատարը լինելու, Թուրքիայի օգտին աշխատելու ու նրա ծրագիրը կատարելու մեջ: Մի խոսքով՝ բոլորը սխալ են՝ բացի ռուսներից: Ու ցավալին այն է, որ այսպիսի տոնայնությամբ է խոսում նաև պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ում ժամանակին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «մեծարել» էր «ռեստորանային գեներալ» տիտղոսով: 
 
Ռուսամետներն անտեսում են նաև այն հանգամանքը, որ Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության ընթացքում ռազմական ղեկավարությունը, բացառությամբ  մի քանի դեպքի, առանց քաղաքական ղեկավարության  համաձանության մի քայլ չի կարող անել: Հետևաբար, թե ինչ Մուշ ու Արդահան հասնելու մասին են խոսում ռուսաստանյան դավաճանությունները որպես հայա-հայաստանասիրություն ներկայացնողները՝ անհասկանալի է: Հիշենք 1994-ի զինադադարը, որը կնքվեց  քաղաքական ղեկավարության համաձայնությամբ՝ չնայած զինվորականները դեմ էին զինադադարի կնքմանը: 
 
Ռուսաստան-Հայաստան ռազմական համագործակցության ոլորտին առնչվող՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին»  համաձայնագիրը ևս ձայների մեծամասնությամբ ընդունվեց: Սակայն մի քանի օրենսդիրներ իշխանությունից և ընդդիմությունից  հստակ դիրքորոշում չեն հայտնել: Օրինակ, «Ելք» դաշինքի անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը չի քվեարկել, Էդմոն Մարուքյանը բացակայել է քվեարկությունից և անգամ գրավոր չի տեղեկացրել իր դիրքորոշման մասին: Նույնկերպ է վարվել «Ելքից» Արարատ Միրզոյանը: ՀՀԿ-ից՝ Կարեն Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Կորյուն Նահապետյանը, «Ծառուկյան» դաշինիքից՝ Գագիկ Ծառուկյանը, Իշխան Զաքարյանը, Իվետա Տոնոյանը, Տիգրան Ուրիխանյանը, ՀՅԴ-ից ազատամարտիկ Ռոմիկ Մանուկյանը, Իջևանի փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանը:
 
Այլ կերպ չես որակի նրանց այս քայլը, քան՝ հաճկատար հեռատեսություն. իրենք կողմ չեն քվեարկում, բայց դեմ էլ չեն:
 
Այս համաձայնագրին քաջատեղյակների  խոսքով՝ Մոսկվան է որոշում, թե Հայաստանն ինչպես է տնօրինելու Մոսկվայից գնած զենքը: Արդյո՞ք սա ևս հայկական կողմին չի կաշկանդի՝ հակահարված տալ ռազմական գործողություններին:  
 
Ու զարմանալի է, թե ինչու Մոսկվան այսպիսի պայմանագիր չի կնքում նաև Ադրբեջանի հետ, որի ոչ թե սոսկ անվտանգությամբ, այլ հզորությամբ շահագրգիռ՝ զենք է վաճառում նրան:
 
Սրա պատասխանը ռուսամետներն ունե՞ն: