Ընտանեկան բռնության դասական օրինակ
ՈՒԺԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ՝ ՀԱՅՈՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Մեկը դհոլչու վարպետությամբ դիմացինի երեսն է բռնցքահարում, վերջինս էլ հետո պատմում է, թե «Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով»:
Այսպիսի իրավիճակ էր այսօր հայրենի օրենսդիրում՝ «մի կաթիլ մեղրի» պատճառով:
Ու զավեշտալին այն է, որ այս ամենը կատարվում է ընտանեկան բռնության օրինագծի քննարկման ֆոնին: Օրինագծի համաձայն՝ երեխային ծնողից կարող են խլել, եթե նա, օրինակ, ապտակի իր երեխային կամ խիստ տոնով երեխայից պահանջի դասերը սովորել: Ազգային ժողովն էլ մի ընտանիք է, որն ավելի մեծ ընտանիքի անդամների՝ ժողովրդի հոգսերը պիտի թեթևացնի: Ուրեմն ո՞վ պետք է խորհրդարանն ազատի այսպիսի բռնարարներից: Եթե օրենսդիր մարմնում սմբակներն ու բռունցքներն են գործում՝ արդեն իսկ վտանգավոր է: Անհասկանալի էր նաև ոմանց մխիթարանքը, թե այլ երկրների խորհրդարանում էլ կան ծեծկռտուքի դեպքեր: Բայց զարմանալի է, որ արտասահմանին աչք տվողները չեն նկատում կամ ի զորու չեն ընդօրինակել արժեքները, որոնցով այդ երկրները քաղաքակրթվել են:
Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծումը մտահոգիչ համարող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից լեզվակռիվ ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի հետ: Վերջինիս սրտով չեն Ռուսաստանի հասցեին «Ելք» դաշինքի քննադատությունները և ԵՏՄ-ից դուրս գալու պահանջը: Ու ահա նա շատ վստահ պնդում է, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը չի կարող պատերազմում կաշկանդել հայ հրամանատարին: Ավելին, համոզված է, որ մեր զինվորը մինչև Մուշ կհասնի: Իր քաջությամբ՝ հայ զինվորը գուցեև ավելի հեռուն հասնի եթե մեր ռազմավարական դաշնակիցը մինչև ատամները չզինի «Մուշի» ճամփան փակողներին:
Փաշինյանի հեգնանքը երևի շատ կծու էր՝ չի կարելի մտնել դաշնակցության բոստանը, Արտաշես Մամիկոնիչ. Մուշ, Արդահան հասնելը ՀՅԴ-ի «մենաշնորհն» է: Իսկ ճամբարափոխ Գեղամյանը, լավ կլինի՝ հիշի լենինիզմն ու կոմունիզմը:
Ա՜յ, էդ մի բանը դու չպետք է ասեիր, Նիկոլ: Գեղամյանը, որը, երեւի թե իր վերջին «սրոկն» է վայելում խորհրդարանում, որոշեց քրեատարր «ռազբիրատով» Փաշինյանի հայացքը դեպի Ռուսաստան հառել: Այն Փաշինյանի, ով խոսում է հայոց բանակի համար մտահոգիչ հայ-ռուսական զորախմբից (թեև զինվորական ծառայություն չի անցել): Սկանդալը պայթեց ԱԺ-ի միջանցքում՝ ՀՀԿ-ական պատգամավորը բռունցքներով հարձակվել է իր գործընկերոջ վրա՝ իրեն իր երազած տղեկի դերում զգալով: Այնքա՜ն էր իրականությունից կտրվել, որ հետո վստահեցնում էր՝ եթե հարվածած լիներ Նիկոլին, նա հիվանդացում կլիներ:
Պարզաբանումներ, կարծիքներ հնչեցին, արդարացումներ էլ կլսենք էթիկայի հանձնաժողովում: Բայց ուշագրավ էր, որ Մամիկոնիչին իրականություն վերադարձնելու համար քիչ ժամանակ պահանջվեց: Հարազատ կուսակցությունը «բամփեց» գործընկերոջը՝ հասկացնելով, որ ձեռքերի ազատություն տալու արտոնությունը ոչ բոլորն ունեն: Համենայնդեպս, ենթադրելով Գեղամյանի դեմքի մռայլ արտահայտությունից ու մեղմացուցիչ խոսքերից, թե դեռ Փաշինյանի հետ 5 տարի աշխատելու են, կարելի է այդ ենթադրություն անել:
Իսկ այս ամենին ականատես լրագրողներն ակամա հիշում էին, որ նախկինում էլ են եղել նմանատիպ դեպքեր, երբ սանձարձակ որոշ ՀՀԿ-ականներ հարձակվել են լրագրողների վրա, բայց մի թթու խոսքի էլ չեն արժանացել: