Շիլաշփոթը` որպես բարեփոխում «հին ընկերների» կողմից
Դամկոլյան սուր` «հեղափոխականների» գլխին
«Ընկեր ջան, գինի լից». հայրենասիրական երգ-պարով, շնչով են անցնում ՀՅԴ նախընտրական հանդիպումները: «Հին ընկերները», ապավինելով իրենց պատկերացմամբ հզոր «զենքին»` Սահմանադրության բարեփոխմանը, պտույտ են տալիս թաղերում, այդ փոփոխությունը ներկայացնում առաջընթաց: 127 -ամյա կուսակցությունը, որն ԱԺ-ում ունի հինգ հոգիհանոց խմբակցություն, համոզում է հանրությանը, թե նոր Սահմանադրությունն իրենց շնորհն է:
Հարց է առաջանում` եթե իշխանության մեծամասնությունը չցանկանար, կարո՞ղ էին ընկեր դաշնակցականներն իրենց ծրագիրը փաստաթուղթ դարձնելԳուցեև իշխանության պահանջով կամ թողտվությամբ հին ընկերները հանեցին սահմանադրական փոփոխությունների ծրարն ու շախ-շուխով ի կատար ածեցին: Բայց դաշնակցականները հենց այնպես չէին կարող ՀՀԿ-ին լավություն անել: Նախարարի երեք աթոռով գործարքը կայացավ:
Սակայն շատ ավելի կարևոր է անկեղծորեն գնահատել՝ սահմանադրական փոփոխությունների ծրագիրը բարե-փոխում է, թե՞ շիլաշփոթ՝ ապագա երեսփոխանների համար: Խոսքը ռեյտինգային կոչվող ընտրակարգի մասին է` օրենք քաոսի մասին:
Ընտրական քարոզարշավի մրցարշավորդ քաղաքական ուժերն իրենք էլ մի կարգին չգիտեն, թե այս խելահեղ մրցավազքում ով ինչքան ձայն կհավաքի, ավելի ստույգ՝ ինչքան ձայն պետք է հավաքի ու ընտրություններից հետո ինչ կարգավիճակում լինի:
Այնպես որ, անհասկանալի այս խառնաշփոթը բարեփոխում ներկայացնելն այնքան էլ ազնիվ չէ, ընկերնե՛ր:
Առավելեւս, հիմք ընդունելով սոցհարցումների արդյունքները` կարելի է ենթադրել, որ ընտրություններից հետո ՀՅԴ-ի ծառայությունը, հավանաբար, ՀՀԿ-ին կարող է և պետք չգալ, քանզի դամկոլյան սրի նման 5%-ի շեմը չհաղթահարելու վտանգը կախված է հին ընկերների գլխին: