«Այլընտրանք չունի նաև Արցախի մեր հավատավոր ժողովրդի ազատ և անկախ կյանքը»
ԹՈՂ ԱՂՈԹՔՆԵՐԸ ԼՍԵԼԻ ԴԱՌՆԱՆ ԲԱՐՁՐՅԱԼԻՆ
Ըստ ծրագրվածի՝ այսօր Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները՝ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի նախաձեռնությամբ: ԵՎ, ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»՝ երկու հովվապետերն էլ նշել են, որ կողմ են Ղարաբաղյան հակամարտության խաղաղապահ նախաձեռնություններին։
Պարզապես դժվար է ասել, թե պաշտոնակիցներից ով ինչպես է ընկալում «խաղաղապահ նախաձեռնություններ» ասվածը: Համենայն դեպս՝ այդպես է արձանագրվել նրանց մոսկովյան հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ:
Իսկ մոսկովյան Պատրիարքության մամուլի քարտուղար Ալեքսանդր Վոլկովը հանդիպումից առաջ համոզմունք է հայտնել, թե՝
- Հանդիպումը կդառնա Ռուսաստանի և Կովկասի կրոնական առաջնորդների խաղաղապահ գործողությունների շարունակությունը: Սրբազնագույն պատրիարք Կիրիլի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդները կքննարկեն հակամարտությունները կարգավորելու և Կովկասում արդարացի խաղաղություն հաստատելու ուղիներ: Հոգևորականների և հավատացյալների ջանքերը կարող են դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի իրավիճակի վրա:
Փաստորեն ստացվում է,որ միջնորդի դեր ստանձնած ռուսական կողմը «արդարացի խաղաղություն հաստատելու ուղիներ»-ի շարքում նկատի ունի նաև սպառազինության մոլուցքով տառապող Ադրբեջանին զենք վաճառելը:
- Հակառակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում կատարվող հայտարարությունների, հոգևոր առաջնորդներիս կոչերի և պատգամների, այսօր հրադադարի պայմաններում շարունակում է լարված մնալ իրավիճակը սահմանագծում, շարունակում են զոհվել զինվորներ և երբեմն նաև սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներ: Հատկապես մտահոգիչ ենք համարում քաղաքացիական բնակչության թիկունքում պատսպարվելու և այն միտումնավոր թիրախի վերածելու դեպքերը: Սահմանից անդին չեն դադարում ռազմատենչ կոչերը, աճող սպառազինության վերաբերյալ հայտարարությունները: Այս ամենը մեծապես վտանգում է փոխվստահության և փոխըմբռնողության ոգու մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը և, սասանելով արդեն իսկ փխրուն հրադադարը, վերափոխում հակամարտության ուժգնացման մի նոր իրողության, որին ականատես դարձանք 2016 թվականի ապրիլին, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Ամենքիս հայտնի է այդ օրերի ժամանակագրությունը, փաստագրված նաև միջազգային հանրության կողմից, մարտի դաշտում զոհված զինվորների, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ կատարված խոշտանգումները, վայրագություններն ու բռնությունները, պատճառված կորուստներն ու ավերները, - իր խոսքում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հավելելով․
- Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ինչպես և՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ բացառապես բանակցությունների միջոցով: Այլընտրանք չունի նաև Արցախի մեր հավատավոր ժողովրդի ազատ և անկախ կյանքը,- Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը մեջբերել է «Ազատությունը»:
Հոգևոր առաջնորդները հայտարարել են նաև, որ պատրաստ են օգտագործել առկա հնարավորությունները` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Մաղթենք, որ նրանց աղոթքները լսելի դառնան Բարձրյալին և ողջախոհություն պարգևեն Ադրբեջանի իշխանություններին: