Հայաստանին չեն մերժում՝ շարունակել «և՛, և՛»-ի քաղաքականությունը
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՈՒ ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿԻԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԱՅԴ Է ՀՈՒՇՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին վերաբերող հարցեր:
- Ցանկանում եմ վերահաստատել, որ Եվրոպական միությունը, ի դեմս իր բոլոր կառույցների, եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գործընկերներից մեկը, - ընդգծել է վարչապետը՝ նկատելով, որ ավանդական դարձած հանդիպումները թույլ են տալիս մտքեր փոխանակել գործակցության օրակարգի վերաբերյալ, բաց ու անկեղծ խոսել ծրագրերի ու անելիքների մասին:
Դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով գործակցության ներկա փուլին, նշել է, որ նախապատրաստվում են շատ լուրջ իրադարձության՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը, որը համագործակցության նոր էջ է լինելու: Նա հավաստիացրել է, որ իրենց կողմից արվելու է ամեն ինչ, որպեսզի գործակցության բոլոր ուղղությունները նոր որակ ստանան: Ըստ դեսպանի՝ Միասնական աջակցության շրջանակային փաստաթուղթը շատ խոսոտումնալից է և նոր տարրեր է ներառելու.
- Մենք մեծապես աջակցում ենք բարեփոխումների ձեր օրակարգին: Արտաքին փորձագետների միջոցով մանրամասն վերլուծել ենք ձեր բարեփոխումների ծրագիրը: Դա հավակնոտ ծրագիր է, հիմա մենք մտածում ենք, թե ինչպես Հայաստանում մեր գործողություններն ավելի հարմարեցնենք բարեփոխումների ձեր օրակարգին: Մենք ցանկանում ենք գումարներ ներդնել այնտեղ, որտեղ գտնում եք, որ բարեփոխումներն արդյունավետ կլինեն:
Շատ կարևոր է, որ ներդնողը պատրաստակամ է ոչ թե թելադրել, այլ իր գործողությունները հարմարեցնել բարեփոխումների մե՛ր օրակարգին:
Երկուստեք կարևորվել է ԵՄ աջակցությունից օգտվելու համար արդյունավետ ծրագրերի ընտրությունը, ինչպես նաև իրականացվելիք ծրագրերի թափանցիկությունն ու թիրախային բնույթը: Թափանցիկության առումով, թերևս հայաստանյան վերահսկողական մեխանիզմը շատ ավելի գործուն պետք է դառնա՝ հաշվի առնելով այն բացահայտումները, որոնք վերջին շրջանում հանրության անհաճո զարմանքը հարուցեցին՝ խորացնելով հիասթափությունը: