Բույսերը նույնպես մտածել գիտեն

Իրեն համարելով արաչագործության պսակը՝ մարդը ենթադրում է, թե ինքն է երկրի ամենախելացի էակը: Ընդ որում, նա ընդունելի է համարում, որ կենդանիները (առանձնապես ընտանի) նույնպես որոշակի բանականություն ունեն, սակայն հրաժարվում է նման բան վերագրել բույսերին: esoreiter.ru պարբերականի հրապարակումը պնդում է, թե իրականում բույսերի մասին մեր պատկերացումներն ու դատողությունները անհեթեթ են և ծայր աստիճանի պարզունակ: Եվ ահա թե ինչու:
 
 
Նախնիների պատկերացմամբ՝ բույսերի ոչ միայն խելացի են,
այլև օժտված են հոգևոր հատկություններով
 
Միջնադարի հանրահայտ բժիշկ Պարացելսիուսն իր «Գաղտնախորհուրդ բուսաբանություն» գրքում գրել է, որ ցանկացած բույս ունի բանականություն և անգամ հոգի: Իսկ մենք, չգիտես ինչու, համարում ենք, թե բույսերը չեն կարողանում զգալ, չեն կարողանում տառապել, այլ պարզապես նրանց մեջ որոշակի քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում: Հետո էլ՝ ինչո՞ւ պետք է հուզվեն ու ապրումների մեջ ընկնեն, եթե վտանգից խուսափել, մեկ է, չեն կարող, ոչ էլ պաշտպանվել կարող են: 
 
Արդի գիտնականների հետզոտությունները հերքում են այս վերջին միտքը: Նախ հայտնվեցին կարծիքներ, թե բույսերը ցավ են զգում, երբ նրանց վերք են պատճառում, և «ճիչեր» են արձակում, որոնք ընդունում են նրանց ցեղակիցները և արձանագրում են գալվանամետրերը: Նաև պարզվել է, որ բույսերը, մարդկանց նման, տառապում են քաղցից ու ծարավից, որ նրանք ունեն յուրահատուկ իմունային համակարգ, ինչպես նաև կառուցվածքներ, որոնք համարժեք են նյարդային թելիկներին: Վերջապես՝ բույսերն իրար տեղեկություններ են հաղորդում: 
 
1926թ. հնդկաստանցի գիտնական Ջանգիշ Չանդրա Բոշը պարզել է, որ գրգռված վիճակին բույսերը պատասխանում են էլեկտրական ազդակներով: Երկար ժամանակ այդ փաստն ուղղակի անուշադրության էր մատնված, սակայն այժմ գիտնականները բացահայտել են, որ էլեկտրական ազդանշաններն առաջանում են բջիջների մեմբրաններում, ինչի շնորհիվ էլ բույսերը հեշտությամբ հետևում են արտաքին միջավայրի փոփոխություններին և դրանց արձագանքում են՝ փոփոխելով ծաղկելու ժամանակը, տերեևների քանակն ու աճի արագությունը:
 
Բույսերը գիտեն բույրերի լեզուն
 
Արդիական քիմիական սարքերը ցույց են տվել, որ բույրերը բույսերի համար փոխարինում են բառերին կամ հնչյուններին՝ նրանց փրկելով կործանումից, ինչպես մենք, երբ օգնություն ենք կանչում: Նման «բույրերի լեզուն» հասկանում են ոչ միայն բույսերը, այլ նաև նրանց շուրջը թռչող ու սողացող միջատները: 
 
Ինչպես պնդում է ամերիկացի հետազոտող Էրիկ Դևիսը, երբ բույսերը հարձակման են ենթարկվում, դա հայտնի է դառնում նրանց բոլոր ցեղակիցներին: Ստացվում է՝ բուսական աշխարհը նույնպես լի է խորամանկությամբ ու պայքարով: Այն արձագանքում է արտաքին շատ գրգռիչների և համախմբելով ուժերը՝ օգնության է կանչում հարկավոր դաշնակիցներին, քողարկվում է և ստեղծում նենգ ծուղակներ: Անգամ պատկերացնում է, թե ինչ է իրեն սպասում և փորձում է աղետից խուսափել՝ ըստ էության փոխելով սեփական ճակատագիրը: Երբեմն բույսերի պահվածքն այնքան «կշռատադված» ու բարդ է լինում, որ միտք է առաջանում՝ գուցե նրանք իսկական բանականությո՞ւն ունեն…
 
Բույսերը շատ խորամանկ են
 
Նիդեռլանդներից գիտնական Մարսել Դիկեի ուշադրությունը գրավել է բույսերի այդ հատկությունը՝ անհրաժեշտ պահին օգնության կանչել պաշտպանների: Այսպես, սարդերի հարձակման դեպքում բոլորիս հայտնի վարունգի տերևները պատվում են հատուկ բուրավետ նյութով (տերպենոիդ): Դրա վրա հավաքվում են վարունգների «թիկնապահները»՝ գիշատիչ միջատներ, որոնք վերացնում են նրանց թշնամիներին: 
 
Որոշ բույսեր հակառակորդից պաշտպանվում են՝ նախօրոք այդ նպատակով արտադրելով մեթիլջասմոնաթթու: Թրթուրները դեռևս սողում են, իսկ բույսերից նախազգուշացված գիշատիչներն արդեն նրանց են սպասում: Հետաքրքիր է, որ երբ հետազոտողները բույսերին մեխանիկական վնասվածքներ են պատճառել (քերծել են, ծակել կամ կտրել), նրանք դիմացել են և գիշատիչներին հրապուրող նյութեր չեն արտադրել: Դրանից հետևում է, որ բույսերը գիտակցում են վնասվածքի բնույթը, այսինքն տարբերում են իրենց կրծող թրթուրն ասեղից կամ դանակից:  
 
Եվս մեկ նկարագրված օրինակ: Կնձենու տերևին ձու էր դրել  գիշերաթիթեռը: Ծառը չսպասեց այնքան, մինչև այդ ձվերից   որկրամոլ թրթուրները դուրս կգան: Նա կանչեց պաշտպաններին: Վնասատուները չհասցրին մեծանալ, երբ նրանց կերան կնձենու կանչի վրա ներկայացած «պաշտպանները»: 
 
Իսկ ահա թե ինչ խորամանկության է դիմում Ամերիկայում աճող անվածաղիկը (կոչվում է նաև չարչարանաց ծաղիկ): Նա իրեն պաշտպանում է հատուկ պալարներով, որոնք նման են միջատների ձվերի: Այդ ծաղկի մոտ թռած թիթեռը նկատում է, որ իրենից առաջ այնտեղ արդեն ձվադրող եղել է, և գնում է ուրիշ վայր փնտրելու, որպեսզի իր ժառանգներին վտանգի չենթարկի: Բանն այն է, որ ավելի վաղ հայտնված թրթուրներն ուտում են ուշ դուրս եկածներին: Ահա թե թշնամիներին ինչպես է խաբում այդ անսովոր ծաղիկը: