Այդ գիշեր Ռուսթավելու պողոտայում մահացավ 21 մարդ
ՎՐԱՍՏԱՆ. 34 ՏԱՐԻ՝ ԱՊՐԻԼԻ 9-Ի ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ 31 ՏԱՐԻ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ․ JAMnews
34 տարի է անցել Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքերի օրվանից։ 1989 թ․ ապրիլի 9-ին խորհրդային բանակի ստորաբաժանումները հաշվեհարդար իրականացրին Վրաստանի անկախության համար բողոքի ակցիայի բազմահազարանոց մասնակիցների նկատմամբ։
Այդ գիշեր Ռուսթավելու պողոտայում մահացավ 21 մարդ, հարյուրավոր մասնակիցներ վիրավորվեցին, խեղվեցին և թունավորվեցին կիրառված գազով։
Հատուկ նշանակության զորքերը հայտնվեցին Ռուսթավելի պողոտայում լուսաբացին՝ 3:56-ին: Այդ պահին խորհրդարանի ներկայիս շենքի դիմաց հավաքվել էին հազարավոր մարդիկ:
Լուրը այն մասին, որ սովետական բանակը պատրաստ է ճնշել ցույցը, ավելի վաղ էր հասել: Բախումներից մի քանի րոպե առաջ արյունահեղությունից խուսափելու համար Համայն Վրաց պատրիարք Իլիա Երկրորդը ժողովրդին կոչ էր արել եկեղեցիներ գնալ աղոթելու: Սակայն ցուցարարները չդադարեցրին ակցիան: Լուսաբացին Ռուսթավելի պողոտայում երգում ու պարում էին, սակայն հետո վրա հասավ չարագուշակ լռությունը. բոլորը սպասում էին ուժայինների հարձակմանը:
Պատրիարքի ելույթից մի քանի րոպե անց խորհրդարանի դիմաց հայտնվեցին զինված ստորաբաժանումները:
Մահակներով և սակրավորական բահերով զինված զինվորականները գեներալ-գնդապետ Ռոդիոնովի հրամանատարությամբ սկսեցին դաժանաբար ցրել ցուցարարներին: Հատուկ նշանակության ջոկատը օգտագործում էր քիմիական գազ: Հենց տեղում զոհվեց 16 մարդ: Հաջորդող օրերին զոհերի թիվը հասավ 21-ի: Զոհերի մեծ մասը կանայք էին (այդ թվում նաև դպրոցական աղջիկներ): Սպանվածների մեծամասնության վրա կային բահով հարվածի հետքեր: Ապրիլի 9-ի գիշերը 3500 մարդ թունավորվել էր քիմիական գազից:
Ողբերգությունից հետո պարետային ժամ հայտարարվեց: Սովետական մամուլը լռում էր թունավոր գազի օգտագործման մասին, ոչ մի տեղ չէր ասվում նաև այն մասին, թե ինչպես էին զինվորները բահերով և մահակներով դաժանաբար ցրում ցուցարարներին: Սպանվածներին հայտարարեցին առաջացած հրմշտոցի զոհեր: «Կոմունիստ» թերթը գրեց, որ տեղի ունեցածը անկարգությունների արդյունք էր:
Միակ թերթը, որը համարձակվեց ցույց տալ տեղի ունեցածի իրական պատկերը, վրացական ռուսալեզու «Վրաստանի երիտասարդությունն» էր, որը տեքստի հետ միասին հրապարակեց լրագրող Յուրի Ռոստի ֆոտոռեպորտաժը: Այդ համարի ամբողջ տպաքանակի վրա կալանք դրվեց և ոչնչացվեց, իսկ թերթի լրագրողները և խմբագիր Վախթանգ Աբաշիձեն լուրջ խնդիրներ ունեցան:
Հետագայում կալանքը հանվեց, և այդ համարը, այնուամենայնիվ, կրկին տպագրվեց և հասավ ընթերցողներին: Իհարկե, խորհրդային զորքերի առանձնահատուկ դաժանությունը պատկերող երկու լուսանկար գրաքննությունը թույլ չտվեց հրապարակել: Եվ էջում մնաց 2 դատարկ տեղ, սակայն 10 լուսանկարն ու տեքստը հրապարակվեցին:
Ուղիղ երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, անցկացված հանրաքվեի արդյունքներով Վրաստանը անկախ հռչակվեց: Գերագույն խորհուրդը Զվիադ Գամսախուրդիայի նախաձեռնությամբ ընդունեց Վրաստանի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը: