«Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի» կարճատև կեղծ հանրապետությունը
Հարութ ՍԱՍՈւՆՅԱՆ
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Անցյալ շաբաթ երկու ադրբեջանցիներ ամբարտավանորեն իրենց հռչակեցին կեղծ «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետության» ղեկավարներ, որի մեջ իբր ներառված էին Հայաստանի Հանրապետության Սևանա լիճը և Սյունիքի մարզը։ Այս հայտարարությունն արվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի արևելյան սահմանների վրա բարբարոսական հարձակումից մի քանի օր անց․․․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախակի անդրադարձել է Հայաստանի Հանրապետության մեծ տարածքներին որպես Ադրբեջանի մաս՝ նրանց տալով կեղծ ադրբեջանական անուններ։ Ահա թե ինչ է նա ասել 2013 թվականի սեպտեմբերին. «Ադրբեջանի պետական դրոշը պետք է ծածանվի Շուշայում [Շուշի], Խանքենդիում [Ստեփանակերտ], իսկ ադրբեջանցիները պետք է ապագայում ապրեն իրենց պատմական հողերում։ Մեր պատմական հողերն են՝ Իրևանի [Երևան] խանությունը, Գյոյչեն [Սևանա լիճը] և Զանգեզուրի շրջանները։
Կգա ժամանակը, և մենք կապրենք այդ հողերում։ Ես հավատում եմ դրան, վստահ եմ դրանում։ Բոլորը պետք է իրենց ջանքերը գործադրեն դրան հասնելու համար»։ Ավելին, 2015-ի մարտին Ալիևը հայտարարեց. «Ադրբեջանը կվերականգնի պատմական արդարությունը և կվերադարձնի ոչ միայն անջատված Լեռնային Ղարաբաղի մարզը և նրա շրջակա տարածքները, որոնք ներկայումս գտնվում են հայերի ձեռքում, այլև ներկայիս Հայաստանի որոշ հատվածներ»: Նա պարծենալով նախատեսում էր, որ «Ղարաբաղն ազատագրելուց հետո մենք՝ ադրբեջանցիներս, կվերադառնանք մեր հինավուրց հողերը՝ Երևան, Գյոյջա [Սևանա լիճ], Զանգեզուր [Հայաստանի Սյունիքի մարզ] և այլն։ Երիտասարդ սերունդը պետք է իմանա, որ մեր հողերը չեն սահմանափակվում միայն անկախ Ադրբեջանի ներկայիս տարածքներով։ Մենք պետք է վերադառնանք նաև այդ հողերը և պիտի վերադառնանք»։
Եթե Ադրբեջանի նախագահը նման անպարկեշտ հայտարարություններ է անում, ապա զարմանալի չէ, որ մյուս ադրբեջանցիները թութակի պես կրկնում են նրա անհիմն պնդումները։
Անցյալ շաբաթ երկու ադրբեջանցիներ՝ Ռիզվան Թալիբովը և Մեհմեդ Ալի Արսլանը, իրենց հայտարարեցին «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետության նախագահ ու փոխնախագահ» և հռչակեցին նրա անկախությունը՝ մայրաքաղաք Կապանով կամ Վարդենիսով (Հայաստան)։
Այս ադրբեջանցիները մասնակցել են Անկարայում այդ կեղծ հանրապետության առաջին ներկայացուցչության գրասենյակի բացմանը՝ պնդելով, որ Թուրքիան առաջին երկիրն է, որը ճանաչել է այն: «Նախագահ» Թալիբովը հայտարարել է, որ Թուրքիան և «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրը մեկ ազգ, երկու պետություն են»։ Նա պետք է որ մոռացած լիներ Ադրբեջանի Հանրապետության մասին, որն օգտագործում է այդ նույն կարգախոսը։
Ի դժբախտություն ադրբեջանցիների՝ նրանց ցնծությունը շատ կարճ տևեց։
Սեպտեմբերի 22-ին Eurasianet.org-ը հոդված հրապարակեց՝ «Ադրբեջանի «Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետության» վերելքն ու անկումը» վերնագրով: Այս «Հանրապետությունը» տևեց ընդամենը երեք օր, թեև Ադրբեջանի իշխանամետ մամուլն ի սկզբանե հրապարակեց այս կեղծ լուրը: Ադրբեջանի խորհրդարանի անդամ Թուրալ Գյանջալին անմիջապես հավանություն տվեց գոյություն չունեցող «Հանրապետությանը»: Այնուամենայնիվ, Գյանջալին մի քանի ժամվա ընթացքում ջնջեց իր ֆեյսբուքյան գրառումը, իսկ ադրբեջանական կայքերի մեծ մասը հեռացրեց այս «Հանրապետության» մասին բոլոր հղումները։ Իշխանամետ լրատվամիջոցները վարկաբեկեցին ոչ միայն «Հանրապետությանը», այլև նրա նույնքան կեղծ «նախագահ» Թալիբովին, որը նախարարներ էր նշանակել և որոշումներ ընդունել։
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը դատապարտեց Թալիբովին՝ հայտարարելով, որ նա «իրականում գիտական գիտելիքներ կամ հետազոտություններ չունի «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ։ Նա չգիտի Արևմտյան Ադրբեջանի ոչ պատմությունը, ոչ աշխարհագրությունը։ Նրա շրջապատում հնարավոր չէ գտնել մեկ լուրջ մարդ, իսկ այն մարդկանց մեծ մասը, ում նա անվանել, նշանակել և ընդգրկել է կառույցներում, նույնիսկ տեղյակ չէ այդ մասին։ Թալիբովը բարձր պաշտոնների «նշանակում» և «լիազորություններ» է տալիս ցանկացածին, անկախ նրանց ինքնությունից կամ քաղաքական հայացքներից, շողոքորթության կամ ճաշի կամ 5-10 մանաթի [մի քանի դոլար] դիմաց»։
Ադրբեջանի խորհրդարանի անդամ Հիքմաթ Բաբաօղլուն սեպտեմբերի 21-ին գրեց. «Այսպես կոչված «Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետությունը» քաղաքական-գաղափարական ահաբեկչություն է Ադրբեջանի դեմ»: Բաբաօղլուն հավելեց. «Նման քաղաքական կեղծավորը [Թալիբովը] բարոյական իրավունք չունի ո՛չ ստեղծելու «Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետություն» և ո՛չ էլ նույնիսկ արտասանելու այս սուրբ անունները։ Որովհետև այս գաղափարով, մինչ Ադրբեջանը պնդում է Զանգեզուրի միջանցքի հարցը, տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը մտադիր է ոչ թե Զանգեզուրում միջանցք բացել, այլ այնտեղ պետություն ստեղծել։ Սա իսկական սադրանք է միջանցքի բացման դեմ»։
Ըստ Eurasianet.org-ի՝ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանում ինչ-որ մեկի կողմից նման տխմար միտք է հնչում: «2020 թվականին Թուրքիայում ադրբեջանցի ակադեմիկոս Գաֆար Չահմաղլին ստեղծեց այն, ինչն անվանեց Արևմտյան Ադրբեջանի Հանրապետություն (Իրևան), որն էլ ավելի մեծ տարածք էր ընդգրկելու։ Այդ նախագիծը (որը նաև կոչվում էր Իրևանի թուրքական Հանրապետություն) ակնհայտ կառավարական կապերով կապված էր մեկ այլ խմբի՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ, բայց այն չստացավ պետական հաստատման (կարճ) մակարդակ, ինչպես Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետությունը»։
Շատ հիասթափված «նախագահ» Թալիբովը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Մինչ մենք սպասում էինք հայերի հարձակմանը, «մերոնցից» ոմանք աննախադեպ հարձակմամբ և զրպարտությամբ լի հարձակվեցին մեզ վրա․․․»։
Բոլոր այն ադրբեջանցիները, որոնք դատապարտել են Թալիբովին և Արսլանին, չեն գիտակցել, որ անուղղակիորեն դատապարտում էին նաև նախագահ Ալիևին, որը նման անհիմն հայտարարություններ է արել ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքների վերաբերյալ։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի