Ի՞նչ է ուզում ստանալ Ռուսաստանը Աբխազիայից

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան իր ելույթներից մեկում ասել է. «Թող ոչ ոք չմտածի, որ մենք համաձայնում ենք մեր գործընկերների բոլոր պահանջներին։ Կան հարցեր, որոնց վերաբերյալ մենք վճռականորեն «ոչ» ենք ասում»:
 
Սկզբունքայնությունն ուրախալի է, բայց եկեք տեսնենք՝ ինչի մասին է խոսքը:
 
Աբխազիայի ռուս կուրատորների կողմից օրակարգը վաղուց հայտարարված է, բոլորին հայտնի են այդ հարցերը, ինչպես նաև հասարակության մեջ դրանց նկատմամբ վերաբերմունքը.
 
1․ Բնակարանների վաճառք ռուսներին։
 
Օրենքն արգելում է օտարերկրացիներին ունենալ անշարժ գույք կամ հողատարածք Աբխազիայում: Մոսկվան երկար ժամանակ փորձում է ստիպել երկրի իշխանություններին բացառություն անել Ռուսաստանի քաղաքացիների համար:
 
2․ Ինգուր ՀԷԿ-ի համալիրի սեփականաշնորհում և փոխանցում ռուսական էներգետիկ ընկերությանը։
 
ՀԷԿ-ը գտնվում է անմիջապես վրաց-աբխազական հակամարտության գոտում, և կողմերը համատեղ կառավարում են համակարգը։ Նրանց ոչ պաշտոնական պայմանավորվածության համաձայն՝ Աբխազիան վերցնում է արտադրված էներգիայի 40 տոկոսը, և նրա համար կայանը փաստացի էլեկտրաէներգիայի միակ աղբյուրն է։ Մոսկվան պնդում է, որ աբխազական ողջ էներգիան փոխանցվի ռուսական ընկերություններին։
 
3․Սահմանամերձ Այբգա գյուղը, որի կեսը ռուսական կողմում է, մյուս մասը՝ աբ խազական։
 
Ռուսաստանը հավակնում է ամբողջ գյուղի սեփականությանը։ Հենց Այբգայի պատճառով է, որ Ռուսաստանի և Աբխազիայի միջև սահմանազատման մասին համաձայնագիր դեռևս չի ստորագրվել։
 
4․ Կառավարական ամառանոց Պիցունդայում՝ 184 հեկտար տարածքով, որը ներառում է ռելիկտային արգելոցի մի մասը։
 
Այն Ռուսաստանին անժամկետ օգտագործման է հանձնվել դեռևս 1995 թվականին կնքված պայմանագրով։ Սակայն այժմ Մոսկվան ցանկանում է սեփականության իրավունքով տիրանալ այդ տարածքին, ինչը մեծ վրդովմունք է առաջացրել հասարակության մեջ։ Հարցը Աբխազիայի խորհրդարանը պետք է քննարկի մոտ ժամանակներս։
 
Աբխազիայում մարդիկ հարց են բարձրացնում՝ էլ ի՞նչ պետք է տրվի Ռուսաստանի հետ բարեկամությունն ամրապնդելու համար։
 
Եթե անգամ մի կողմ թողնենք Պիցունդայի շուրջ ընթացող քննարկումը, վերը նշված հարցերից ո՞րի շուրջ է Աբխազիայի ղեկավարությունն արտահայտել իր վճռական «ոչ»-ը։
 
Եթե դա բնակարանների վաճառքն է, ապա իշխանություններն ավելի հստակ ու բարձր պետք է հնչեցնեն իրենց դիրքորոշումը, այլապես կստացվի, որ այդ մասին բացահայտ խոսում են միայն քաղաքացիական ակտիվիստները։
 
Եթե Այբգա գյուղի կարգավիճակի հարցն իսկապես չի քննարկվում, լավ։ Բայց եկեք այդ դեպքում իրականացնենք սահմանագծումն ու սահմանազատումը, որը հետաձգվում է արդեն 30 տարի։
 
Ի վերջո, ակնհայտ է, որ դրանում, առաջին հերթին, շահագրգռված է Աբխազիան։ Տարեցտարի մեր դիրքերն այս հարցում ոչ թե ուժեղանում են, այլ հակառակը։ Եթե 30 տարի չես կարողանում ցանկապատ կառուցել քո տարածքում, մի զարմացիր, որ ուրիշները կսկսեն օգտագործել քո հողը:
 
Այո, անհարմար հարց է, բայց այն պետք է փակել։ Եվ, միգուցե, հիմա՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանին ենք նվիրել Պիցունդայի մի մասը, այդ հարցը լուծելու ճիշտ ժամանակն է:
 
Հարաբերություններում բարենպաստ ֆոն է ստեղծվել։ Երկար տարիներ խոսվում է Ինգուր ՀԷԿ-ի այն հատվածի մասին, որը գտնվում է Աբխազիայի տարածքում։ Տարբեր նախագահների օրոք Ռուսաստանից գալիս էին մարդիկ, ովքեր ցանկանում էին գնել այդ համալիրը։ Հետաքրքրություն կար «ՌուսՀիդրո»-ի և այլ ընկերությունների կողմից։
 
Այսօր արդեն ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ին է պատկանում բաշխիչ ցանցերի զգալի մասը, ինչպես նաև արտադրական օբյեկտներ տարածաշրջանի երկրներում (Հայաստան, Վրաստան)։ Սա նշանակում է, որ Ինգուրի հիդրոէլեկտրակայանի հարցն ավելի ակտուալ կդառնա:
 
Ձմռանն Աբխազիայում կրկին հոսանքազրկումներ կլինեն, և մենք չպետք է զարմանանք, երբ նրանք սկսեն մեզ բացատրել կայանը վաճառելու առավելությունները։  
 
Նրանք կասեն՝ մենք ինքներս չենք կարող դա անել, ներդրողը կվերանորոգի ամեն ինչ, սակագներն էլ շատ չի բարձրացնի. սա, ի վերջո, բարեկամ ներդրող է։
 
Սակայն, ինչպես հայտնի է, կորպորացիաներն ընկերներ չունեն, կան միայն շահեր։ Ի դեպ, Վրաստանի կառավարությունը մեկ տարուց ավելի է, ինչ «Ինտեր ՌԱՕ»-ի դեմ հայց է ներկայացրել միջազգային դատարան՝ հենց սակագների բարձրացման պատճառով։ Չեմ էլ պատկերացնում, թե նման իրավիճակում Աբխազիան ինչպես կպաշտպանի իր շահերը։
 
Միջպետական օրակարգի այս և այլ բարդ թեմաների վերաբերյալ կցանկանայի իմանալ գործադիր իշխանության և նախագահի կարծիքը։ Նախքան մենք պոստֆակտում կտեղեկանանք ինչ-որ միջպետական պայմանագրի ստորագրման մասին։
 
Կցանկանայի իմանալ նաև օրենսդիր իշխանության դիրքորոշումը։ Բայց այստեղ էլ հույսը քիչ է: Ներկայիս խորհրդարանը, նույնիսկ նախորդի համեմատությամբ, թույլ ու կամազուրկ է թվում, չափազանց շատ են մարդիկ, ովքեր իրենց այնտեղ գտնվելով լիովին պարտական են օրվա իշխանությանը։
 
Խորհրդարանում միայն մի քանիսն են, որ կարող են անկախ կարծիք արտահայտել, իսկ մյուսները կաջակցեն ցանկացած փաստաթղթի, որը կուղարկվի նախագահականից։
 
Եվ սա տագնապի ազդանշան է, քանի որ հենց հակակշիռներն ու զսպումներն են կայուն դարձնում կառավարման համակարգը՝ թույլ չտալով կորցնել կապն իրականության հետ։
 
Դմիտրի Մուշբա (JAMnews)