ԵՄ-ին անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել ՌԴ նկատմամբ

Թվում էր՝ աշխարհը հաղթահարել է սառը պատերազմի վտանգավոր փուլը, սակայն Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի և հատկապես Ղրիմի պատճառով վերստին լարվեցին Արևմուքի ու Ռուսաստանի հարաբերությունները: Արևմտյան երկրները Ռուսաստանին մեղադրեցին Ուկրաինայի գործերին միջամտելու համար և պատժամիջոցներ սահմանեցին, որոնց դեմ Մոսկվան պատասխան քայլեր ձեռնարկեց: Բանն այնտեղ հասավ, որ շատերն արդեն խոսում են, թե այժմ ստեղծված
իրավիճակն ավելի վատ է, քան սառը պատերազմի տարիներին էր:
 
Բարեբախտաբար, վերջին ժամանակներս ԵՄ երկրներում կարծիքներ են հնչում ՌԴ-ի դեմ պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտության, ասել է թե հաշտության եզրեր գտնելու մասին: Իսկ նոյեմբերի 27-ին Եվրամիության ու Ռուսաստանի հարաբերությունների մասին խոսել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը: 
 
- Մենք պարտավոր ենք Եվրամիությունում հասնել ընդհանուր, համաձայնեցված արևելյան քաղաքականության մշակույթի զարգացմանը: Միայն այդ ժամանակ է հնարավոր ԵՄ-ից դուրս մեր բոլոր հարևանների հետ հարաբերություններ կառուցել: Դա նախ և առաջ Ռուսաստանին է վերաբերում: Նպատակ պետք է դրվի, որ Ռուսաստանը նորից հետևի միջազգային կանոններին և չխախտի իր հարևանների տարածքային ինքնիշխանությունը: Դրան հասնելու համար մեզ հարկավոր են, անշուշտ, հստակ սկզբունքներ, ինչպես նաև իսկական երկխոսություն Եվրոպայում մեր ընդհանուր անվտագության վերաբերյալ,- ասել է Հայկո Մաասը՝ ելույթ ունենալով արտաքին քաղաքականության վերաբերյալ Բեռլինում ընթացող համաժողովում, որը կազմակերպել էր Քորբերի անվան հիմնադրամը: 
 
Նա նշել է, որ Եվրոպան պետք է հստակ սկզբունքներ մշակի և իսկական երկխոսության միջազգային իրավական հարթակ ստեղծի Ռուսաստանն անվտանգ դարձնելու համար: 
 
Գերմանիան, որը երկու աշխարհամարտերի ժամանակ էլ հիմնական հակառակորդ է ունեցել Ռուսաստանին և երկուսում էլ պարտություն է կրել, այսօր խոսում է նրա հետ հարաբերությունները լավացնելու օգտին: Իսկ աշխարհը խոսում է երրորդ աշխարհամարտի հնարավորության մասին: Լավ է, որ Գերմանիան արդեն այն սկսելու հավակնություն կարծես չունի: Գուցե անցյալից այնուամենայնիվ որոշ դասեր քաղել է: 
Բացի այդ՝ խաղի որոշ կանոններ կարծես փոխվել են, և  Եվրոպան էլ արդեն փորձում է ավելի միասնական ու ինքնուրույն լինել: