Եվրամիությունը կշարունակի խաղաղ ատոմի ոլորտում համագործակցել Իրանի հետ

Այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի հարթակում հանդիպել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի  ներկայացուցիչները, որի ժամանակ հայտարարություն է եղել, որ Եվրամիությունը Իրանին վճարումներ անելու ֆինանսական մեխանիզմ կստեղծի` շրջանցելով պատժամիջոցները:  Պատժամիջոցներ, որոնք Միացյալ Նահանգները խոստացածի համաձայն սկսեց կիրառել նոյեմբերի սկզբից:

Նոյեմբերի 26-ին Բրյուսելում այդ մասին խոսել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Նա նշել է, թե Իրանը հույս ունի, որ Եվրամիության ստեղծած վճարումների մեխանիզմը նկատելի արդյունք կտա:
 

-Իրանը ելնում է նրանից, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների խորապատկերին ԵՄ-ն գործադրում է բոլոր ուժերը` ստեղծելու վճարումների մեխանիզմ, և հույս ունի, որ ընդունելի ժամկետներում դա նկատելի արդյունք կտա: Ես կասեի` Եվրոպան իր խոստումը կատարելու ընթացքի մեջ է: Ես այնպես եմ հասկանում, որ նրանք որոշակի դժվարություններ ունեն, սակայն ես ֆինանսական հարցերով փորձագետ չեմ: Որքան պատկերացնում եմ` ԵՄ-ն իր ուժերի սահմաններում անում է ամեն բան, որպեսզի այդ մեխանիզմն իրոք ստեղծի,- էներգետիկայի գծով Եվրահանձնակատար Միգել Կանյետեի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Սալեհին:

Այնուհետև Սալեհին խոսել է Իրանի ատոմային համաձայնագրի կարևորության մասին:

- Իմ տեսանկյունից` ատոմի մասին համաձայնագիրը եղել է միակ հնարավորը, որին մենք կարող էինք հասնել: Մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը և համաձայնագրի կողմերը հնարավոր ամեն ինչ կանեն, որպեսզի պահպանեն գործարքի ամբողջականությունը: Եթե այն փլուզվի, դրանից ոչ ոք չի շահի` ո՛չ Իրանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ միջազգային հանրությունը: Մենք նաև հույս ունենք, որ մեր գործընկերների, այդ թվում` Ռուսաստանի և Չինաստանի հետ հնարավոր ամեն  ինչ կանենք, որպեսզի այս համաձայնությունը պահպանենք: Այս խաղափուլում մենք պարտավոր ենք հաղթել,- ընդգծել է Իրանի ներկայացուցիչը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, թե  Եվրահանձնակատարը հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի խաղաղ ատոմի ոլորտում համագործակցել Իրանի հետ:

Դժվար չէ կռահել, որ այս պահին «գնդակը» ԱՄՆ-ի դաշտում է: Իրանի ատոմային հանաձայնագրից նրա դուրս գալով խաթարվում է «գործարքի ամբողջականությունը», որի փլուզումը երևի միայն այս տերության վերնախավի շահերից է բխում: