Ըստ Տուսկի`Լեհաստանը ԵՄ-ից դուրս մնալու ճանապարհին է

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը այս կիրակի իր հայրենի Լեհաստանում մասնակցել է անկախության 100-ամյակի հանդիսությանը և Լոձում ելույթ ունեցել այդ երկրի ու Եվրոպական միության համատեղ ապագայի թեմայով: Պարզվում է` Լեհաստանի նախկին վարչապետը մատահոգված է, թե երկիրը կարող է Եվրամիությունից դուրս մնալու ճանապարհ բռնել: ԵԽ պաշտանական կայքը հրապարակել է նախագահի ելույթի տեքստը, որտեղ նշվում է, թե Լեհաստանի ներկա ղեկավարությունը կարող է պետությունը նման վիճակի հասցնել:
 

Տուսկը հիշեցրել է, որ Եվրախորհրդարանի ընտրություններին մի քանի ամիս է մնում: Այնտեղ կարող են շատ ուժեղ դիրքավորվել իրար հակասող քաղաքական երկու հոսանքներ, որոնցից մեկին նա անվանել է «ազգայնամոլության ձգտող աներկիմաստ հակաեվրոպական թև», իսկ մյուսին` ծայրահեղ սերտաճման օգտին հանդես եկողներ:

- Հնարավոր է` այդ սցենարներից ոչ մեկում Լեհաստանի համար տեղ չլինի, քանի որ Վարշավայում քաղաքականության գերակշռող ուղղությունը այս պահին շեշտադրում է ազգային ըմբոստությունը  և այն սցենարը, որը Եվրամիության համար բացասական է,- նշել է ԵԽ ղեկավարը:

Տուսկը հիշեցրել է Լեհաստանում այժմ կառավարող «Օրենք և արդարություն» կուսակցության քաղաքական գործիչների խոսքերը, որոնցից մեկը ԵՄ-ն անվանել է «վատ նախագիծ»: Տուսկի խոսքով` այն, ինչի մասին ինքը խոսում է, ոչ թե առաջիկա տասնամյակների հարց է, այլ առաջիկա ամիսների:

- Հաջորդ մի քանի ամսում ուրիշ գլուխ է գրվելու: Դա լինելու է եվրոպական ինտեգրացիայի պատմության կա՛մ լավատեսական, կա՛մ մռայլ գլուխը: Եվ հավատացեք` այդ իրադարձությունները նույնպես անմիջականորեն առնչվելու են մեր անկախությանը… Եթե մենք իրապես ցանկանում ենք, որ հաջորդ 100 կամ ավելի տարում Լեհաստանն անկախ  լինի, պետք է ստեղծենք քաղաքական նպատակների ընդհանրություն, ինչպես դա եղել է 1918 և 1980թ.:

Ինձ համար դա ուժեղ Լեհաստանն է միացյալ Եվրոպայում, սահմանադրական կարգը, օրենքի գերակայությունը, քաղաքացիական ազատությունները, ազատ և անկախ դատարաններն ու ԶԼՄ-ները,- նախազգուշացրել է Տուսկը:

Եվրամիության ղեկավարությունը, իհարկե, աշխարհամասի ընդհանուր ապագան շատ գեղեցիկ է գծում` օրենքի գերակայություն, քաղաքացիական ազատություններ, ազատ ու անկախ դատարաններ և այլն: Միայն թե նման բաները դատարկ տեղում չեն առաջանում, ոչ էլ բոլորին նույն արշինով չափելուց կարող են այդ և նման գաղափարներն իրականություն դառնալ: 

Ըստ էության` Եվրամիության ապագան իրոք մեծապես պայմանավորված կլինի նրանով, թե ինչ ուժեր կընտրվեն Եվրախորհրդարանում: «Ավանգարդն» արդեն անդրադարձել է Իտալիայում այս տարի իշխանության եկած կոալիցիայի գլխավոր դեմքերից մեկի` Լուիջի դի Մայոյի կարծիքին, թե ԵԽ ընտրությունները Եվրամիության համար «քաղաքական երկրաշարժի» կվերածվեն:  Երևում է` նման երկրաշարժ կանխագուշակում է նաև ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը և փորձում է իր հայրենի Լեհաստանը նախապատրաստել դրան: