ՉԺՀ նախագահի առաջարկությունը ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին
ՄԻԱՍԻՆ ՁԵՎԱՎՈՐԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Ըստ զարգացման անգերազանցելի ցուցանիշներով աչքի ընկնող Չինաստանի ղեկավարի՝ ԲՐԻԿՍ-ի երկրներն ի զորու են միասին ստեղծել միջազգային հարաբերությունների նոր համակարգ:
- Օգտագործելով միջազգային կազմակերպությունների բոլոր հնարավորությունները՝ մենք ի վիճակի ենք անել այնպես, որ մեր ձայնը լսելի լինի, իսկ լուծումների մեր տարբերակները լինեն ընդունելի: Մենք կարող էինք միասին ձևավորել միջազգային հարաբերությունների նոր համակարգ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխշահավետ համագործակցության վրա,- նշել է Ցզինպինը:
ՉԺՀ ղեկավարը հատուկ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ԲՐԻԿՍ-ի պետությունները պետք է հավատարիմ մնան «մուլտիլատերալիզմի սկզբունքներին առևտրի ոլորտում, ինչպես նաև ՄԱԿ-ի սկզբունքներին, միջազգային իրավունքի չափորոշիչներին և միջպետական կապերի հիմունքներին»: (Մուլտիլատերալիզմը միջազգային հարաբերությունների կազմակերպումն է՝ հիմնված այնպիսի մեխանիզմների վրա, որոնք յուրաքանչյուր երկրի հնարավորություն են տալիս գործընկերների հետ հարաբերություններում օգտվել արտոնություններից):
Անդրադառնալով ԲՐԻԿՍԻ երկրների ներսում և միջազգային ոլորտում առևտրատնտեսական փոխգործակցության հարցերին՝ Սի Ցզինպինը շեշտել է «առևտրի և ներդրումների ազատականացման անհրաժեշտությունը և հրաժարումը հովանավորչությունից»:
Հուլիսի 26-ի հանդիպանը շոշափվել է նաև Իրանի միջուկային գործարքի հարցը:
Նշվում է, որ ԲՐԻԿՍ-ի երկրների առաջնորդները իրանական միջուկային համաձայնագրի բոլոր կողմերին կոչ են արել ամբողջ ծավալով և արդյունավետ կերպով կատարել ՀՀԳԾ-ի պարտավորությունները: Բնականաբար՝ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը և այդ երկրի ու Իրանի միջև տեղի ունեցող սպառնալիքների «փոխհրաձգությունը» չէր կարող անտարբեր թողնել մի կազմակերպության, որի երկու անդամները՝ ՌԴ-ն ու ՉԺՀ-ն, այդ համաձայնագրի կողմերից են:
Գագաթնաժողովի այսօրվա նիստին ՀԱՀ իշխանությունները հրավիրել են նաև Արգենտինայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Թուրքիայի, Ճամայկայի և մի շարք աֆրիկյան երկրների առաջնորդներին: Իսկ հաջորդ գագաթնաժողովը որոշվել է հրավիրել Բրազիլիայում: Գուցե իրոք այնպես ստացվի, որ 11-րդ անգամ հանդիպելով՝ այդ երկրների ներկայացուցիչները կարողանան փաստել, որ աշխարհում կարողացել են ամրագրել միջազգային հարաբերությունների առավել օգտակար ու արդյունավետ տեսակ, քան պատժամիջոցներով, պատերազմներով, քողարկած գաղութացմամբ ու կեղծ բարեկամությամբ հարաբերվելն է՝ ի վնաս ամբողջ մարդկության: