Բրիտանացիները գերադասում են Ջոնսոնին
Վերջերս Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնից հրաժարական տված Բորիս Ջոնսոնը գլխավորում է ցուցակն այն քաղաքական գործիչների, որոնք, ըստ բրիտանացիների, վարչապետ Թերեզա Մեյից ավելի լավ են պատրաստված` «Brexit»-ի վերաբերյալ Բրյուսելի հետ բանակցություններ վարելու, ինչպես նաև հաջորդ ընտրությունների ժամանակ գլխավորելու Պահպանողական կուսակցությունը:
Դա են հաստատում հարցման տվյալները, որն անց է կացրել YouGov ծառայությունը, իսկ հրապարակել է The Sunday Times պարբերականը:
Հարցումը Միացյալ Թագավորության հասարակության տրամադրությունների այլ իրողություններ էլ է երևան հանել:
Պարզվում է` իրենց կարծիքներում բրիտանացիները ծայրահեղության աստիճանի բևեռացված են: Երկրի երկու գլխավոր քաղաքական կուսակցությունների գործունեությունից գնալով ավելի շատ մարդիկ են դժգոհ մնում: Հարցվածների մոտ 38%-ը ընտրություններին ձայն կտար աջերի նոր կուսակցությանը, որը «Brexit»-ի կողմնակից է, իսկ 24%-ը պատրաստ է աջակցել ծայրահեղ աջերի կուսակցությանը, որը խիստ դեմ է ներգաղթին և հակաիսլամիստական է:
Հաղորդվում է, որ պահպանողականների նվիրատուներն ու Միացյալ Թագավորության անկախության կուսակցության (ՄԹԱԿ) նախկին առաջնորդ Նայջլ Ֆարաջայի կողմնակիցները ծրագրում են հավաքել 10 մլն ֆունտ ստեռլինգ, որպեսզի ստեղծեն այդ նոր կուսակցությունը: Այն պետք է պաշտպանի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կոշտ սցենարը` հակառակ Թերեզա Մեյի մեղմ դիրքորոշման: Իսկ դա արդեն կարող է հաջորդ ընտրություններին լուսանցքում թողնել պահպանողականներին:
Մեծ Բրիտանիայում հերթական ընտրություններ են նախատեսված 2022թ. մայիսի 5-ին, սակայն եթե գործընթացներն իրենց հունը չփոխեն, հնարավոր է` գերտերության ներքաղաքական կյանքում ամեն ինչ որոշեն արտահերթ ընտրությունները: Ամեն դեպքում` 2022թ. այն ժամանակն է, երբ բրիտանացիներն իրենց մաշկի վրա արդեն զգացած կլինեն «Brexit»-ի իրական հետևանքները: Եվ, ելնելով նրանից, թե որքան շատ զիջումների է գնում ՄԹ կառավարության ղեկավարը, կարելի է ենթադրել, որ անգամ հերթական ընտրությունները հաջորդ տասնամյակի համար վարչապետի մանդատ չեն տա Թերեզա Մեյին:
Ի դեպ, համացանցում մի ուշագրավ լուսանկար է պտտվում, որտեղ երեք դեռահաս աղջնակ միասին լուսանկարվել են: Դրանցից մեկը Թերեզա Մեյն է, մյուսը` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, երրոդը գլխավորել է ԿՀՎ-ն: Կարծես այդ երեքին հատուկ պատրաստել են կարևոր պետական պաշտոններ զբաղեցնելու, և ենթադրվում է` ըստ պատրաստողների պահանջի նրանց գործունեություն թելադրելու համար: Առայժմ թվում է` Թերեզա Մեյի աստեղային ժամն ավարտվում է: Սակայն եթե իրոք նրան հատուկ նախապատրաստել են` գլխավորելու Միացյալ Թագավորության պես մի երկիր, ուրեմն նրա պաշտոնանկությունը հեշտությամբ թույլ չեն տա: