Մոլդովայի մայրաքաղաքը իր ընտրած քաղաքապետին է պահանջում
Երեկ անհանգիստ օր էր Մոլդովայի համար: Ընդդիմության մասնակիցները փորձել են մուտք գործել երկրի խորհրդարան, սակայն ոստիկանությունը նրանց կանգնեցրել է: Պատճառը Քիշնևի քաղաքապետի հունիսյան ընտրությունները չեղյալ հայտարարելն է:
Ինչպես «Ավանգարդն» արդեն հաղորդել է՝ իշխանությունները 52,57% քվեներով քաղաքապետ ընտրված թեկնածուին այդպես էլ քաղաքապետի աթոռին մոտ չեն թողել՝ հայտարարելով, թե ընտրությունների օրը քարոզչություն է իրականացվել: Նրա կողմնակիցներն էլ խոստացել էին ամեն կիրակի ցույցերով իրենց բոցոքն արտահայտել:

Երբ երկու օր առաջ «Արժանապատվության և ճշմարտության հարթակ» կուսակցության նախկին նախագահ և քիշնևցիների կեսից ավելիի քվեներին արժանացած Անդրեյ Նեստասեն իր կողմնակիցներին կոչ է արել զանգվածային ցույց անել: Սկզբում միայն 200 հոգի է արձագանքել: Այդ օրը նրանք փորձել են կառավարության շենք մուտք գործել, որպեսզի հարկադրեն ճանաչել քաղաքապետի ընտրությունների արդյունքները, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել: Իսկ ցուցարարների շարքերը գնալով ստվարանում են:
Քիշնևի բողոքավորները վանկարկում են «Նեստասե՝ քաղաքապետ» և «կորչի բռնապետությունը»:
- Ոստիկանությունը փորձում էր մամուլին կասեցնել, որպեսզի նրանք մեր բողոքը չլուսաբանեն: Մենք այստեղ ենք, որպեսզի իշխանություններին հորդորենք վերանայել հուլիսի 1-ին ընդունած բանաձևը,- Նեստասեի խոսքերն է փոխանցել «ՌԻԱ-նովոստին»:
Ընդդիմադիր Նեստասեի կողմնակիցները վաղուց են հայտարարել, որ բողոքի գործողությունները շարունակելու են այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջը կատարվի: Մոլդովայի ներքաղաքական իրավիճակը մեկ այլ բացասական հետևանք էլ է բերել՝ Եվրախորհրդարանը որոշել է դադարեցնել պետությանն օգնություն ցույց տալու շրջանակում բոլոր նախատեսված վճարումները:
Ինչպես երևում է՝ Մոլդովայի ընդդիմությունը և նրանց կողմնակիցներն այս անգամ գործնական են տրամադրված և որոշել են նպատակին հասնել: Մանավանդ՝ առկա է փաստը՝ ԿԸՀ-ի գրանցած 52,57% արդյունքը: Չի բացավում, որ նրանց ոգևորելիս լինի լինի նաև Հայաստանի օրինակը, որը ապացուցեց, որ իշխանափոխություն հնարավոր է նաև առանց ընտրությունների և առանց արյունի: