Սիրիայում փորձում են վերացնել պատերազմի հետքերը
Պատերազմը Սիրիայում, ճիշտ է, չի ավարտվել, սակայն ադեն հաղորդվում է, որ ազատագրվել են համարյա բոլոր խոշոր քաղաքները: Ամեն օր տեղեկություններ են հրապարակվում, որ փախստականները վերադառնում են իրենց տները:
Այժմ Սիրիայի կառավարական զորքերը վերականգնում են խաղաղ կյանքը երկրի հարավում: Մարդիկ աստիճանաբար իրենց տներն են վերադառնում, նորից բացվում են խանութներն ու դպրոցները: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ այնտեղ դաժան մարտեր էին ընթանում, քանի որ տարածաշրջանի փոքր քաղաքներից մեկում ամրացել էին իսլամիստները: Այդ վայրերում պատերազմի բազմաթիվ հետքեր են պահպանվել: Դժվար է գտնել մի պատ, որի վրա հրազենի հետք չլինի: Մարդկանց վերադարձը հնարավոր դարձնելու նպատակով պետական ծառայությունները վերականգնում են ջրագծերն ու էլեկտրականությունը, իսկ հետ եկած բնակիչները կարգի են բերում իրենց տները (հաղորդում է «Վեստին»):
Նախկինում փախստական դարձած բազմաթիվ մարդիկ արդեն իրենց տներն են վերադարձել: Մինչ այդ նրանք ապաստանել էին մասնագիտացված կենտրոններում:
Աշխարհում այժմ 6 մլն-ից ավելի սիրիացի փախստական կա: Նրանց կեսը փրկություն է որոնել Թուրքիայում, Լիբանանում ապաստան է գտել մեկուկես միլիոնը, Հորդանանում՝ մոտ մեկ միլիոնը: Մնացածները Եվրոպայի տարբեր երկրներ են հասել: Միջազգային լրատվամիջոցներն, իհարկե, չեն նշում, սակայն մենք գիտենք, որ բազմաթիվ հայեր էլ Սիրիայից տեղափոխվել են Հայաստան: Այժմ, երբ Սիրիան աստիճանաբար մաքրվում է իսլամիստներից, փախստականները ասում են՝ եկել է տուն վերադառնալու ժամանակը:
Սիրիայում («ՌԻԱ-նովոստիի» փոխանցմամբ) արդեն վերականգնվել են 88 բժշկական և 213 կրթական հաստատություններ, վերանորոգվել է 244 կմ ավտոճանապարհ, 176 կմ էլեկտրահաղորդման գիծ և 73 էլեկտրական ենթակայան:
Հենց երեկ հայկական լրատվամիջոցները հաղորդեցին, որ արդեն տեղ է հասել Հայաստանից ուղարկված 100 տոննա սննդամթերքը, որը կարող է որպես օգնություն բաժանվել սիրիացի 3500-4000 կարիքավոր ընտանիքի: Ընդ որում՝ օգնությունը նախատեսված է ինչպես հայ, այնպես էլ Սիրիայի մնացած կարիքավորների համար:
Երեկ նաև լուր տարածվեց Միջերկրարական ծովում Եվրոպա հասնել ձգտող փախստականների հերթական լաստանավի խորտակման մասին: Դրանով դեպի ապահովություն նավող 160 մարդուց փրկվել է 100-ը: Իսկ սա նշանակում է, որ մարդկանց փախստական դարձնող չարիքը մեր աշխարհում դեռևս չի նահանջում: