Իսրայելում ո՞վ կարող է պատերազմ հայտարարել
Այս տարվա ապրիլի 30-ին Իսրայելի խորհրդարանը Հիմնական օրենքում կառավարությանը վերաբերող մի փոփոխություն էր մտցրել, որով երկրի վարչապետին և պաշտպանության նախարարին օժտում էր ծայրահեղ իրավիճակներում պատերազմ հայտարարելու լիազորությամբ: Հուլիսի 17-ին Քնեսեթը դարձյալ քննության առարկա է դարձրել պատերազմ հայտարարելու լիազորությունը և նշված բարձրաստիճան պաշտոնյաներին զրկել է միանձնյա նման պատասխանատու վճիռ կայացնելու իրավունքից:
Ինչպես և ապրիլի 30-ից առաջ էր, սրանից հետո ևս պատերազմ հայտարարելն օրինական կլինի միայն այն դեպքում, եթե նման որոշումն արժանանա երկրի ռազմաքաղաքական կաբինետի և խորհրդարանի հավանությանը:
Այս մասին իր տարածված ամփոփոգրի մեջ տեղեկացնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը:
- Լիագումար նիստում Քնեսեթը չեղյալ համարեց ուղղումը, որը վարչապետին և պաշտպանության նախարարին թույլ էր տալիս պատերազմ հայտարարել,- նշվում է փաստաթղթում:
Երկուսուկես ամիս առաջ նշյալ պաշտոնյաներին տրված լիազորություններից զրկելուն կողմ է քվեարկել Քնեսեթի 77 պատգամավոր, 16-ը ձեռնպահ է մնացել: Այժմ արդեն պատերազմ հայտարարելը կամ զանգվածային ռազմական գործողությունների մեկնարկը պետք է հաստատի ռազմաքաղաքական կաբինետը, որը կազմված է կառավարության կարևորագույն նախարարներից:
Իր գոյության 70 տարիների ընթացքում Իսրայել պետությունն անընդհատ պատերազմի մեջ է հարևանների հետ, ուստի զարմանալի չէ, որ այնտեղ այդքան կարևորվում է պատերազմ հայտարարելը: Նաև ակնհայտ է, որ անցած երկուսուկես ամսում վարչապետի և երկրի պաշտպանության պատասխանատուի լիազորությունների նման ընդլայնումը ոչ մի չափով չի նպաստել խաղաղությանը:
Սա իհարկե, չի նշանակում, որ եթե Իսրայելի վարչապետը ցանկանա որևէ երկրի պատերազմ հայտարարել, չի կարողանա իրեն անհրաժեշտ համաձայնությունն ստանալ: Բայց նաև հնարավոր է՝ մինչև քվորում ապահովվի, պատերազմի անհրաժեշտությունն էլ վերանա: Ամեն դեպքում՝ Քնեսեթի երեկվա որոշումը կարելի է դրական գնահատել, քանի որ մեկ կամ երկու անհատի նման իրավունքը կարող է ուղղակի կործանարար հետևանքներ ունենալ թե՛ իրենց, թե՛ հարևան պետությունների համար:
Իսկ հետաքրքիր է՝ Իսրայելի հովանավորյալ Ադրբեջանում ո՞վ իրավունք ունի պատերազմ հայտարարել: Ով էլ լինի, Իսրայելը, ցավոք, չի զլանում նրանց սպառազինել: Բայց կարևորն այն է, որ հայկական պետությունների օրենքները հնարավորություն տան անհապաղ հակահարված հասցնել: