Ուկրաինացիների 78%-ը Պորոշենկոյին չի վստահում
ՎԵՐՋԻՆ ՍՈՑՀԱՐՑՈՒՄՆ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
Դժվար է մեր դարը պատկերացնել առանց ժամանակ առ ժամանակ հրապարակվող սոցհարցումների: Երբեմն դրանք պետությունների գլխավոր դեմքերի նկատմամբ վստահությանը վերաբերող անսպասելի ու շատ խոսուն պատկեր են երևան հանում: Ճիշտ է՝ ինչպես ամեն բան, սա էլ է հնարավոր կեղծել, սակայն տվյալ պարագայում դա անհավանական է թվում:
Խոսքը հուլիսի 4-ին հրապարակված մի սոցհարցման արդյունքների մասին է, որից պարզ է դառնում, որ ուկրաինացիների ավելի քան 78%-ը նախագահ Պյոտր Պորոշենկոյին չի վստահում: Ընդ որում՝ այս տեսանկյունից նման արդյուքները եզակի չեն. պարզվում է՝ անցած երեք ամսում անցկացված տարբեր հարցումներով Պորոշենկոն 4-րդ հորիզոնականից վերև չի բարձրացել: Սակայն հատկապես հետխորհրդային երկրների իշխանավորներին, պաշտոնների տիրանալուց հետո, բնավ չի հետաքրքրում ծողովրդի կարծիքը: Իշխանության գալուց հետո նրանք միայն ձգտում են պահպանել այն՝ ցանկացած գնով:
Սոցհարցումը, որն իրականացրել է սոցիալական հետազոտությունների «Սոֆիա» կենտրոնը և արդյունքները հրապարակել իր կայքում, վկայում է, որ ուկրաինացիների 70%-ն էլ դժգոհ է նաև կառավարության ղեկավար Վլադիմիր Գրոյսմանի աշխատանքից:
Հրապարակված թվերը հաստատում են, որ հարցվածների 49,1%-ը Ուկրաինայի նախագահի աշխատանքին բոլորովին հավանություն չի տալիս, իսկ 29,2%-ը՝ ավելի շուտ հավանություն չի տալիս: Պորոշենկոյի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների լոկ 12,8%-ը, իսկ 3,7%-ը հայտարարել է, թե լիովին գոհ է պետության ներկա ղեկավարի գործունեությամբ: Դժվարացել է պատասխանել 5,2%-ը:
Ուկրաինայի կառավարության աշխատանքին բոլորովին հավանություն չի տալիս հարցվածների 37,9%-ը, իսկ 32,3%-ը ավելի շուտ դժգոհ է: 18,4%-ը հավանություն է տալիս վերապահումով, իսկ ահա 3,2%-ը լիովին գոհ է: Այս դեպքում էլ դժվարացել է պատասխանել հարցվածների 8,2%ը:
Ոչ վաղուց անցկացված հարցումներից մեկի համաձայն՝ ուկրաինացիների միայն 7,6%-ն է պատրաստ նախագահական ընտրությունների ժամանակ իր քվեն Պորոշենկոյի օգտին տալ: Ճիշտ է՝ հերթական ընտրությունները նախատեսված են 2019թ. մարտի 31-ին, որի ընթացքում Պորոշենկոյի՝ կտրուկ անկում ապրած վարկանիշը կարող էր նորից վերելք ապրել, սակայն մեր փոփոխական ժամանակներում կարծես թե արտահերթ ընտրությունները դառնում են օրինաչափություն:
Երևում է՝ Ուկրաինայում հույսները կտրել են մի իշխանությունից, որին ցնծությամբ ընդունեցին «մայդանային» պայքարի ավարտին: Սակայն դա կարող է հանգեցնել նոր «մայդանների», չէ՞ որ ոմանք իշխանությանը կառչում են ցանկացած գնով: Ու սա էլ կարծես դառնում է մեր դարի մյուս առանձնահատկությունը՝ ընտրատեղամասերի փոխարեն պետությունների ղեկավարներ «ձեռնադրել» հրապարակային պայքարի հարթակներում: