Մարզումներ` ընդդեմ հաքերային հարձակումների կամ Իսրայելի «սոցիալական պատվաստանյութը»
Մեր ժամանակներում լավ պաշտպանված լինելու համար հմուտ զինվորներ ու արդիական զինանոց ունենալը քիչ է: Նաև շատ կարևոր է, որ զինվորդ միշտ պատրաստ լինի իր պարտքը կատարել: Սոցիալական ցանցերի և անձնական հեռախոսների մեր դարը այդ տեսանկյունից նոր պահանջներ է թելադրում, որին և անդրադարձել է Իսրայելի բանակի մի հետախույզ:
Ինչպես Թել-Ավիվիվից հաղորդել է «ՌԻԱ-նովոստի»-ի թղթակիցը, արտասահմանյան լրագրողների առջև հուլիսի 3-ին հանդես գալով` իսրայելցի անանուն հետախույզը պատմել է, թե ինչպես և ինչու են իրենց բանակի զինվորականններին մարզում` հետ մղելու հաքերային հարձակումները: Նրա խոսքով` Իսրայելի բանակն ամեն ամիս անց է կացնում վարժանքներ` զինծառայողների անձնական հեռախոսներին ուղարկելով պայմանականորեն վնասակար ծրագրեր և փորձելով նրանց ներքաշել անծանոթների հետ համացանցային շփումների մեջ: Նման «սոցիալական պատվաստանյութը» հնարավորություն է տալիս անձնակազմի շրջանում քիբերգրոհների մասին տեղեկացվածության բարձր մակարդակ պահպանել և ժամանակին խաթարել հաքերական հարձակումները, ինչպիսին եղել է պաղեստինյան իսլամիստների ՀԱՄԱՍ շարժման իրականացրածը ընթացիկ տարում:
- Մենք նման վարժանքներ անցկացնում ենք ամեն ամիս, և արդյունքները հուսադրող են; Զինծառայողների լոկ 5%-ն է խոսակցության մեջ մտնում անծանոթի հետ, և ընդամենը 2%-ն համաձայնում ներբեռնել հավելվածները, որոնք նա առաջարկում է: Եթե նման բան տեղի է ունեցել, ապա հեռախոսին հաղորդագրություն է գալիս. «Այս պահին մենք էինք, բայց վաղը կարող է թշնամին լինել: Գնա և զեկուցիր քո զարամասի տեղեկատվական անվտանգության պատասխանատուին»,- պատմել է սպան և նշել, որ նման դեպքերում անզգույշ զինվորին չեն պատժում:
Որպես նման նախազգուշության պատճառ, Իսրայելի բանակի հետախույզը նշել է պաղեստինցի հաքերների վերջին փորձերը` զինծառայողների հեռախոսները վարակել լրտեսական ծրագրերով` նրանց զվարճալի հավելվածներ ուղարկելով: Ասուլիսից առաջ Իսրայելի հետախուզությունը դրա վերաբերյալ տվյալներ է գաղտնազերծել:
Ժամանակին ռուս մեծ զորավար Սուվորովն ասում էր` շատ քրտինք մարզումների ժամանակ, քիչ արյուն ռազմի դաշտում: Այժմ պատերազմի օրենքները նոր զարգացում են ապրել, և պատերազմող Հայաստանում չպետք է անտեսեն արդիական մարտահրավերները:
Իսրայելն ամեն ինչով օգնում է Ադրբեջանին, իսկ մեր այս հարևանները, իրենց թալանչի ու ավերիչ բնույթից ելնելով` ամենամեծ հաջողությունները ցանցահենության ոլորտում են գրանցում: Բայց այս դեպքում կարելի է հայավարի ստեղծագործող լինել և Իսրայելի փորձը կիրառել ամբողջ ազգի, այլ ոչ թե լոկ զինվորականների նկատմամբ: