Միավորված Գերմանիայի նախագահը՝ հանուն միասնական Կորեայի
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ անցած դարավերջին միավորված Գերմանիայի նախագահը, այսօր Սեուլում անդրադարձել է կորեական երկու պետությունների միավորման հեռանկարին: Փհյոնչհանի օլիմպիական խաղերի բացման առիթով Հարավային Կորեա ժամանած Շտայնմայերն այդ մասին խոսել է Սեուլի միջազգային համաժողովում ելույթ ունենալիս:
- Երկխոսությունը միակ միջոցն է՝ մեղմելու լարվածությունը, ապահովելու խաղաղությունը և վերջիվերջո հասնելու Կորաեյի միավորմանը,- նշել է ԳՖՀ նախագահը:
Այդուհանդերձ՝ նա կարծիք է հայտնել, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի ԿԺԴՀ-ի վրա ճնշումներ գործադրելու ու պատժամիջոցներ կիրառելու քաղաքականությունը, այլապես Փհենյանն անկեղծ չի լինի հրթիռամիջուկային ծրագրերից հրաժարվելու վերբերյալ բանակցությունների ընթացքում:
- Նման եզրակացության մենք հանգել ենք՝ ելնելով Իրանի հետ երկխոսության փորձից (նկատի ունի Իրանի միջուկային ծրագիրը-խմբ.),- հավելել է նա:
Շտայնմայերը առաջարկել է չանտեսել նաև Հյուսիսային Կորեային բարգավաճելու հնարավորություն տալու կարևորությունը, քանի որ հարկավոր է մարդկանց հույսեր ներշնչել:
Շտայնմայերի ակնկալիքները, անկասկած, հիմնված են այս տարեսկզբից կորեական երկու պետությունների հարաբերություններում նկատված ջերմության վրա, որն արդյունք էր սահմանային Փհանմունջ անցակետում խորհրդակցությունների մի քանի փուլից հետո ձեռք բերված պայմանավորվածության: Դրա շնորհիվ հյուսիսկորեացի մարզիկներից, պաշտոնյաներից և արվեստագետներից բաղկաղած պատվիրակությունն այսօր՝ փետրվարի 9-ին, հարավկորեական Փհյոնչհանում մասնակցում է օլիմպիական խաղերի բացմանը:
Ի դեպ, Ձմեռային օլիմպիադային ԿԺԴՀ պատվիրակության մասնակցությանը հավանություն է տվել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների կոմիտեն: Մնում է հուսալ, որ այս խաղերը կհանգեցնեն միջազգային հարաբերություններում ակնկալված բարեփոխումին: Բայց համաշխարհային խաղացողները կամք ու բարոյականություն կունենա՞ն արդյոք՝ հրաժարվելու իրենց անզիջում դիրքորոշումից: