Հնդկաստանի վարչապետն առաջին անգամ Պաղեստին կայցելի

Նարենդրա Մոդին որոշել է հեռավորարևելյան հորիզոններից հասնել Մերձավոր Արևելք` արաբական երկրներում քառօրյա շրջագայություն կատարելու մտադրությամբ: Նա մտադիր է լինել Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում, Պաղեստինում: Հնդկաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ հատուկ նշվում է, որ դա լինելու է այդ երկրի առաջնորդների առաջին այցը Պաղեստին:

- Փետրվարի 9-12-ը Հնդկաստանի վարչապետը պետական այցով կլինի Պաղեստինում, ԱՄԷ-ու և Օմանում: Դա կլինի Հնդկաստանի վարչապետի` պատմության մեջ առաջին այցը Պաղեստին,- նշված է հայտարարության մեջ:

Ուշագրավն այն է, որ 2017թ. հունիսի 5-ին վարչապետ Մոդին այցելել է Իսրայել, և նա եղել է առաջինը, ով Հնդկաստանում այդ բարձր պաշտոնն զբաղեցնելու ժամանակ այնտեղ ոտք է դրել: 
Հիշեցնենք, որ Պաղեստինը պաշտոնապես ճանաչում է ԱՄԿ-ի անդամ 136 պետություն, այդ թվում` Հնդկաստանը: Պաղեստինը ՄԱԿ-ի անդամ չէ, իսկ 2012թ. ստացել է ՄԱԿ-ի դիտորդի կարգավիճակ:

Թե հատկապես որն է Հնդկաստանի առաջնորդի այս այցի նպատակը` չի հաղորդվում: Սա կապ ունի՞ արդյոք ԱՄՆ-ի նախագահ Թրամփի աղմկահարույց որոշման հետ` Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք և այնտեղ տեղափոխել ԱՄՆ դեսպանատունը: Եթե այդպես է, ուրեմն այս այցը կարծես Պաղեստինի նկատմամբ համակրանքի արտահայտություն է: Իսկ գուցե սա Հնդկաստանի  վարչապետի գործելակերպն է` այցելել այնպիսի պետություններ, որոնց հետ իր հինավուրց երկրի առաջնորդները մինչ այժմ սերտորեն չեն համագործակցել:
Մոլորակն այս կերպ տարածաշրջանների են բաժանել եվրոպացիները` ելնելով Եվրոպայից դրանց հեռավորությունից:

Պատմությունը, սակայն, փաստում է, որ նախքան Եվրոպան աշխարհաքաղաքական կարևոր դեր կստանձներ և կսկսեր գաղութացնել և ստրկացնել տարբեր տարածաշրջանները` նրանց տեսանկյունից Հեռավոր ու Մերձավոր Արևելքների միջև սերտ համագործակցություն է եղել, զարգացել են առևտրային ու մշակութային կապերը, մղվել պատերազմներ ու կնքվել դաշինքներ: 

Մերձավոր Արևելքում այսօր ծանր իրավիճակ է: Այնտեղ առկա երկրները, ժողովուրդները, այնտեղ ներխուժած վայրի ցեղերի հետնորդները, ահաբեկիչներն ու շահառու խոշոր պետություններն այնպես են բզկտում ամեն ինչ, որ Հնդկաստանի վարչապետը դժվար թե կարողանա էական բան շտկել, անգամ եթե նման մտադրություն ունենա:

Ամեն դեպքում` սա արագ զարգացող, նորարարական տեխնոլոգիաներով թափ առնող ու բնակչության աննախադեպ աճ ցուցաբերող երկիր է և կարող է բարենպաստ դեր խաղալ` եթե իր կենսագործունեության հիմքում դնի մի փոքր այլ փիլիսոփայություն, քան մոլորակի շատ թե քիչ հզոր պետությունները: Այն պետությունները, որոնք իրենց գոյության միակ իմաստը համարում են ամեն ինչ իրենց ձեռքում կենտրոնացնելը, բոլորի վրա իշխելը, աշխարհի նյութական բարիքներն ու  ու զվարճությունները միայն իրենց երկրի մենաշնորհը դիտելը: