Եթե չես ցանել, ի՞նչ ես հնձելու
Պարզվում է` ԱՄՆ-ի նման գերտերությունը աշխարհի բոլոր շուկաներում չէ, որ անարգել մուտք ունի: Նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական լրատվամիջոցին տված հարցազրույցում դժգոհել է, թե իր երկիրը առևտրաշրջանառության ոլորտում Եվրամիության հետ շատ խնդիրներ ունի:
- Տվյալ տեսանկյունից` առևտրի տեսանկյունից, սա կարող է մի ավելի մեծ բանի վերածվել: Եվրամիությունը Միացյալ Նահանգներին շատ անազնիվ է վերաբերվում առևտրին առնչվող հարցերում,- նրա խոսքն է փոխանցել Daily Mail-ը:
Ըստ Թրամփի` ամերկյան արտադրանքի համար ԵՄ շուկա մտնելը շատ դժվար է:
- Այսուհանդերձ, նրանք իրենց ապրանքը մեզ ուղարկում են առանց հարկերի: Շա՛տ փոքր հարկերով: Սա շատ անազնիվ է,- շեշտել է Թրամփն ու ընդգծել, թե այդպես են վարվում ոչ միայն եվրոպական երկրները:
Թե ուրիշ որ երկրներին է ԱՄՆ նախագահը նկատի ունեցել` այլևս չի մանրամասնել, այլ խոսել է ԵՄ-ից դուրս գալու համար Բրիտանիայի կառավարության վարած բանակցությունների մասին: Թրամփն ասել է, որ եթե դրանք ինքը վարեր, բոլորովին այլ հունով կտաներ և ԵՄ-ից դուրս գալու հարցում շատ ավելի խիստ դիրքորոշում կորդեգրեր:
Թե ինչ հարցերում ու որ երկրների հետ են ԱՄՆ-ը և նրա նախագահ Թրամփը լիովին ազնվորեն վարվել, մանրադիտակով քննելու հարց է: Իսկ Դոնալդ Թրամփին (ու նրա կարգի բոլոր քաղաքական գործիչներին) երևի հարկավոր է հասկացնել, որ ազնիվ վերաբերմունքը պատասխան է լինում նույնատիպ փոխադարձ հարաբերությունների: Եթե դու ինքդ ազնվություն չես ցանել, քո ցանքսի արտում նման պտուղ հնձելու ակնկալիքդ հիվանդ երևակայության արգասիք չէ՞ արդյոք: