Իրաքն իր նավթը նորովի կհսկի

Նավթով հարուստ լինելը թերևս Մերձավոր Արևելքի դժբախտությունների հիմնական պատճառն է: Պատերազմների, թեժ հակամարտությունների ու ահաբեկչական խմբավորումների գործունեության հիմնական նպատակը հնարավորինս մեծ նավթառատ տարածքներ ձեռք գցելն է:
 
Իրաքն էլ, որ Սադամ Հուսեյնի տապալումից ի վեր ռազմական գործողությունների ասպարեզ է և միայն մի քանի օր առաջ հայտարարեց, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ վերջնական հաղթանակ է տարել, իր նավթատար խողովակաշարերը պաշտպանելու և հսկելու համար որոշել է օգտվել դարիս ընձեռած տեխնիկական հնարավորությունից:
 
Իրաքի նավթի նախարարության ներկայացուցիչ Ասիմ Ջիհադը հայտարարել է, որ 2018թ. հենց առաջին եռամսյակից իրենք մտադիր են անօդաչու ինքնաթիռներ օգտագործել՝ նավթի խողովակաշարերը պաշտպանելու և մշտադիտարկում իրականացնելու նպատակով:
 
- Նավթի խողովակաշարերը ցանկացած հարձակումից կամ կանխամտածված պարապուրդի գործողությունից պաշտպանելու նպատակով մենք կօգտագործենք անօդաչու թռչող միջոցներ և կատարելագործված դիտարկման համակարգեր: Նախարարը հանձնարարել է հաջորդ տարվա առաջին եռամսյակից այդ նպատակով անօդաչու ինքնաթիռներ օգտագործել, - լրագրողներին ասել է Ջիհադը:
 
Անօդաչուների կիրառումը, եթե իհարկե, արդյունավետ լինի, թերևս շատ կյանքեր կխնայի և դրանց վրա աչք ունեցողներից շատերի ախորժակը կփակի: Միայն թե մեր օրերում մարդկությունն այնպես է վրա տվել մոլորակի նավթային պաշարներին, որ դրանք ահագնացող արագությամբ նվազում են: (Ի դեպ, ինչպես նաև մնացած բնական պաշարները՝ ներառյալ կենսականորեն  անփոխարինելի օդն ու ջուրը): 
 
Գուցե մարդկության փրկության միջոցն էլ հենց դա է՝ չկա նավթ, չկա պատերազմ: Որովհետև արդեն գրեթե երկու դար բոլոր մեծ պատերզմների բուն պատճառը հենց դա է եղել, հայությունը նույնպես հանուն դրա դրվեց մեծ տերությունների ու նրանց «մանկլավիկների» զոհասեղանին: 
 
Մեր ժամանակներում արդեն սկսել են տարածում գտնել նավթին ու գազին փոխարինող արդիական միջոցներ, միայն թե երկրի ընդերքում նոր նավթ չի առաջանում, իսկ այն անհրաժեշտ է ոչ միայն վառելիքաէներգետիկ նպատակների համար, այլև որպես հումք՝ որոշ տեսակի ապրանքների արտադրության համար: Այնպես որ, Իրաքի նախաձեռնությունը տարածվելով՝ գուցե խթան դառնա, որ նորագույն հնարավորություններով զսպվի որոշների ախորժակը: