Վերջապես Իսրայելում էլ հիշեցին՝ հայերի ցեղասպանություն էլ է եղել

Նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքը հռչակելու իր հայտարարությամբ, պարզվում է, հայանպաստ արդյունքներ է «նախատեսել»: Համենայն դեպս՝ նման արդյունք արձանագրվել է:
 
Ճիշտ է, վերջին տարիներին թուրք-իսրայելական հարաբերություննեը մի փոքր լարված էին դարձել, սակայն Թուրքիան ու Իսրայելն անանջատ էին մնում: Բայց երբ Թրամփի հայտարարությունը Էրդողանին դրդեց դրա դեմ բողոքել ու բորբոքվել, Իսրայելում հանկարծ «հիշեցին», որ Թուրքիան ցեղասպանություն գործած պետություն է:
 
Իսրայելի «Յեշ Աթիդ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, օրինակ, այդ մասին խոսելով՝ ասել է, թե Թուրքիան պետք է իմանա, որ չի կարող շարունակ հարվածներ հասցնել Իսրայելին: «Հորիզոն ուիքլի» պարբերականի փոխանցմամբ՝ հրեա կուսակցապետը սա ասել է որպես պատասխան Էրդողանի խոսքերին, որոնցով, իսրայելական կողմի մեկնաբանությամբ, նա փորձում է բորբոքել Տաճարի լեռանն առնչվող լարված իրավիճակը:
 
- Ժամանակն է վերջ տալ թուրքերին ստորադասվելուն, նրանք ամեն անգամ մեզ հարված են հասցնում: Մենք պետք է ասենք, որ ստիպված ենք մեր սեփական քաղականությունը սկսել. այսուհետ մենք աջակցում ենք քրդական պետության ստեղծմանը, մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, մենք պետք է անենք այն բաները, ինչ չենք արել, երբ լավ հարաբերություններ ենք ունեցել Թուրքիայի հետ, իսկ այժմ չունենք և չենք ունենա ապագայում,- Թել-Ավիվում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Յաիր Լապիդը:
 
Ահա՛ միջազգային բարոյականության դեմքը: Քանի դեռ Թուրքիան քո բարեկամն է, շատ էլ լավ է արել, որ ցեղասպանություն է գործել, իսկ հենց որ քո դեմ ելավ՝ ցեղասպանությունը ամենամեծ հանցանքն է, որը կարող էր պետությունը գործել: Եվ սա դիրքորոշումն է մի երկրի, որի արմատական բնակչության նախորդ սերնդին ցեղասպանեցին՝ Հիտլերի բերանով հայտարարելով, թե քանի որ հայերի ցեղասպանությունը հիշող չկա, այս մեկն էլ կմարսվի: Այդ մեկը չմարսվեց՝ հրեաները պետության տեր դարձան, և ռազմատուգանքները հոսեցին Իսրայել: Ու որոշեցին, որ ցեղասպանված լինելու «մենաշնորհն» իրենց է պատկանում, իսկ հայերը թող այդպես էլ դատարկաձեռն մնան: 
 
Թե տեղի ունեցող նոր գործընթացները որքանով կնպաստեն, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ ապագայում կերևա: Սակայն ժխտողության տասնամյակներն էլ բավական են՝ հասկանալու համար, որ դա արդեն էական էլ չէ: Մեզ՝ հայերիս համար, ավելի շատ մեր հայրենիքին տեր կանգնելը, փոխհատուցում ստանալն ու հետագա զարգացումն է կարևոր: 
 
Հրեա կուսակցապետը խոսել է նաև քրդական պետության ստեղծման մասին: Ու հենց սա է, որ մեզ պետք է ավելի շատ հետաքրքրի: Որովհետև եթե դա Թուրքիայի մասնատմանը հանգեցնող քայլ է, մեզ համար ընդունելի է: Սակայն եթե հիմա էլ նրանց նախատեսած քրդական պետությունը պետք է տարածվի հայոց պատմական հողերի վրա, ապա դա, թերևս,  ավելի մեծ անբարոյականություն է, քան Հայոց ցեղասպանության հարյուրամյա ուրացումը: