Բանականները կզվարճացնեն արհեստականներին

ԵԹԵ ՌՈԲՈՏԸ ԿԱՐՈՂ Է ԱՇԽԱՏԵԼ, ԻՆՉՈ՞Ւ ՆԱԵՎ ՀԱՄԵՐԳ ՉՎԱՅԵԼԻ

Մտածելու ունակությանբ օժտված այս սարքերը սկզբում հասարակ մարդկանց կյանք մտան գրական ստեղծագործությունների, ֆիլմերի, զանազան ներկայացումների միջոցով: Իսկ հետո, համարյա աննկատ, դրանք այդ ստեղծագործություններից ելան և հայտնվեցին մարդու կողքին ու ձեռքի տակ: Այսօր արդեն ո՛չ հնարավոր է մոլորակի կյանքը պատկերացնել առանց արհեստական ինտելեկտի, ոչ էլ կարող ենք մեզ մխիթարել, թե դրանք մարդուն ծառայող միջոցներ են, այլ ոչ թե նրան մրցակից ու ապագան նվաճող:
 
Առայժմ մարդկության ողջախոհ հատվածը փորձում է ռոբոտների ծառայություններն օգտագործել առկա չարիքների առաջն առնելու նպատակով: Տվյալ դեպքում արհեստական ինտելեկտը պետք է օգնի հայտնաբերելու սերիական մարդասպանների: 
 
CARMEL քայլաշարը (ալգորիթմ) կարողացել է վերծանել 18-րդ դարի շատ խորհրդավոր մի ձեռագիր, հիմա էլ զբաղված է Զոդիակ անունով մարդասպանի գործով, վերծանում է 1960-ականներին տարբեր լրատվամիջոցների խմբագրություններ ուղարկված նրա գրությունները: 60-ականներին մի շարք սպանություններ գործած մոլագարի ինքնությունը մինչև օրս պարզված չէ, մինչդեռ շատ հնարավոր է, որ նա հասարակության շրջանում հարգված ու վստահություն վայելող անձնավորություն եղած լինի:
 
Արհեստական ինտելեկտի խնդիրն է վերծանել մարդասպանների գիտակցության քայլաշարը, դա էլ ոստիկանությանը կհուշի, թե ինչպես անհապաղ հայտնաբերեն նրանց և փրկեն բազմաթիվ կյանքեր: Միայն թե դրա համար դեռևս հարկավոր է սարքին սովորեցնել արդեն բացահայտված նյութերի հիման վրա  («Նեքսթ ուեբ»-ն է տեղեկացրել):
 
Մեր օրերում, սակայն, մարդիկ ռոբոտներին ոչ միայն օգտագործում են, այլև… զվարճացնում: «Եվրոմագն» էլ հաղորդել է, որ Էստոնիայում կայացել է մարդկության պատմության մեջ առաջին համեգը, որի հասցեատերերը ռոբոտներն են: Դա տեղի է ունեցել եվրոպական խոշորագույն ROBOTEX փառատոնի շրջանակներում: 30 «ամենախելացի և բարդ» ռոբոտների համար Տալլինում ելույթ է ունեցել Focus Space խումբը: Նրանք մտադիր են եղել երաժշտությամբ ռոբոտների մեջ զգացմունքներ արթնացնել: Համերգի ժամանակ բեմում գտնվողները փորձել են զգալ իրենց հանդիսատեսի «տրամադրությունը», իսկ ռոբոտներն այդ նույն ժամանակ երաժշտության ներքո աշխույժ շարժումներ են արել: Իսկ դա կարող է նշանակել, որ համերգը նպատակին հասել է:
 
Միայն թե այնքան էլ լուսավոր չի թվում այն ապագան, երբ բազմահազարանոց համերգասրահներում բազմած կլինեն ռոբոտները, իսկ մարդիկ նրանց համար համերգ տան: Եթե իհարկե՝ ռոբոտները բարեհաճեն մարդուն թույլ տալ, որ իր անկատար հնարավորություններով բեմ բարձրանա: