Նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
ԳՈՒՑԵ ԿԱՐՈՂԱՆԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՆԽԵԼ
ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնը գլխավոր քարտուղար Գուտերեշին ուղղված նամակում հայտարարել է, որ Միացյալ Նահանգների պահվածքի պատճառով անհնար է կանխագուշակել միջուկային պատերազմի սկիզբը: Սրանից էլ կարելի է եզրակացնել, որ այն կարող է սկսվել ցանկացած պահի:
ԿԺԴՀ ներկայացուցիչը մատնանշել է Կորեական թերակղզում ԱՄՆ ավիակիրների խմբերի աննախադեպ ընդլայնման փաստը:
Խոսքը այս օրերին Հարավային Կորեայի հետ համատեղ ամերիկյան երեք ատոմային ավիակիրների մասնակցությամբ սկսած լայնածավալ մանևրների մասին է: Առաջին անգամն է, որ Հարավային Կորեայի հետ զորավարժություններում միանգամից երեք ատոմային ավիակիրների հարվածային խմբեր են մասնակցում: Իսկ մեկնաբանությունը մեկն է՝ նպատակ է հետապնդվում ուժի ցուցադրությամբ զսպել Հյուսիսային Կորեային:
ԿԺԴՀ ներկայացուցիչն իր նամակում նշել է, թե այդ զորավարժությունները վատթարացնում են Կորեական թերկաղզու շուրջը տիրող իրավիճակը, դրան էլ գումարվում են B-52 ամերիկյան ռմբակոծիչների շուրջօրյա թռիչքները:
- Մեկ տարի շարունակ ԱՄՆ-ի իրականացրած անընդմեջ լայնածավալ զորավարժություններն ու շանտաժը հաստատում են, որ մեր ընտրած ուղին ճիշտ էր,- նամակից մեջբերում է հրապարակել «Ասեշիեյթեդ փրեսը»:
Քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս օրերին Կորեական թերակղզուն հարող տարածաշրջանում է և հերթով այցելում է այնտեղ գտնվող երկրները, կարելի է եզրակացնել, որ ավիակիրների ու ռմբակոծիչների գործաղությունների նպատակն է Հյուսիսային Կորեայի հարձակումներից պաշտպանել նրա անձն ու առաքելությունը:
Միայն թե՝ որքանո՞վ է երաշխավորված, որ հենց այդ առաքելությունն էլ Կիմ Չեն Ընի վարչակազմին չի դրդի առաջինը հարվածել: Չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ Թրամփի առաքելության գլխավոր նպատակակետը Կորեական թերակղզու հյուսիսային հատվածի պետությունը ոչնչացնելն է: