«Իսլամական խալիֆայության խավարամտությունը» և արդի աշխարհը

Ինչպես երևում է՝ Ադրբեջանի կաշառատվության թելերը հսկա սարդոստայնի նման պատել են ամբողջ մոլորակը:  Սովետմիության ծնած այս պետության օգտին քարոզարշավ իրականացնող հերթական կաշառակերն է բացահայտվել Բելգիայի սահմանադրական դատարանում: Ժան Պոլ Մոերմանը այդ դատարանի 12 դատավորներից մեկն է, ով անդամակցել է Ադրբեջանի օգտին լոբբինգ իրականացնող ոչառևտրային մի կազմակերպության:
 
Մոերմանի ադրբեջանանպաստ գործունեության դրդապատճառների մասին տեղեկացրել է «lalibre.be» պարբերականը: Ճարպիկ բելգիացին բազմիցս պարբերաբար հրավիրվել է Ադրբեջան՝ այնտեղ ցուցադրելով այդ երկրի բռնատիրական իշխանություններին աջակցող դիրքորոշում: Նրա ճանապարհորդության և կեցության ծախսերը հոգացել է l'Office de Communication d'Azerbaïdjan (OCAZ) ոչառևտրային կազմակերպությունը: 
 
Կազմակերպության  հիմնադիրները՝ լիբերալներ Ստեֆ Գորիսը և Ալեն Դեստեքսը, նույնպես զբաղվել են Ադրբեջանի լոբբինգով։ Լրատվամիջոցը նաև նշել է, որ Մոերմանը եղել է գրքի խորհրդատուն ադրբեջանցի մի քաղաքական գործչի, որը առանցքային դեր է կատարել մի շարք եվրոպացի քաղաքական գործիչների կեղտոտ փողերը լվանալու գործում։
 
Երևում է՝ աշխարհի լրատվամիջոցները, գուցե նաև միջազգային կազմակերպությունները, գլխի են ընկել, որ եթե որևէ մեկը Ադրբեջանի շահերը պաշտպանող գործունեություն է ծավալել, ապա միայն մեկ պատճառով՝ կաշառվել է նրա իշխանությունների նավթադոլարներով: Այս «թելը» բռնած առաջ գնալու դեպքում հնարավոր կլինի աշխարհի շատ կազմակերպություններ մաքրել սեփական գրպանի սիրույն միլիոնավոր մարդկանց կյանքն ու ապահովությունը զոհաբերող մեծուփոքր պաշտոնյաներից ու գործիչներից: Ուստի զարմանալի չէ, որ ամերիկահայերը դիմել են ԱՄՆ Կոնգրեսին՝ կոչ անելով հետաքննություն սկսել «ադրբեջանական լվացքատան» գործերով:  
 
Ամերիկայի Հայկական վեհաժողովի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Կրիկորյանը Կոնգրեսին ուղղված նամակում նշել են. 
 
-Մենք չպետք է աչք փակենք ամերիկյան ժողովրդավարության նկատմամբ  կոռուպցիայի օգնությամբ Ադրբեջանի ազդեցության վրա:
 
Ու նաև հիշեցրել են՝ Եվրախորհրդարանը արդեն հավանություն է տվել բանաձևին, որը դատապարտել է եվրոպական քաղաքական գործիչների վրա ազդելու Ադրբեջանի փորձերը:
 
Ու մինչ Եվրոպան ու Ամերիկան փորձում են դրսից բացահայտել Ադրբեջանի իսկական դեմքը, ազատություն ստացած և Իսրայել տեղափոխված բլոգեր Լապշինը իր գրառումներով վեր է հանում նրա ներքին էությունը:   
 
- Գիտե՞ք` Ադրբեջանում ամենից ավելի ինչն է ինձ ապշեցրել։ Ո՛չ, վաղ իսլամական խալիֆայության խավարամտությունը չէ, որը թաքցնում են արդիական առևտրի կենտրոնների քողի տակ։ Ինձ զարմացրել է, թե ինչպես է ադրբեջանցի ժողովուրդը իմ առջև ստորանում՝ խնդրելով, որ Սաշա Լապշինը համաձայնի Ղարաբաղը ադրբեջանական տարածք անվանել,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է Լապշինը: 
 
Այնուհետև բլոգերը զարմացած հարց է տալիս՝ մի՞թե նրանք լրջորեն մտածում են, թե ինքը ինչ-որ բան է որոշում Հայաստանի և շրջակա աշխարհի հետ ադրբեջանցիների հակամարտության մեջ։ 
 
- Այսօր ես շռայլ եմ և Ադրբեջանին եմ նվիրում… Ալյասկան։ Վերցրե՛ք: Իսկ եթե ամերիկացիները ձեզ ուղարկեն ուր որ հարկն է, իրենց ասացեք. «Լապշինը Ալյասկան մեզ է խոստացել, մենք նրանից անգամ տեղեկանք ունենք, որ նա Ալյասկան ճանաչում է Ադրբեջանի մաս,-իր ծաղրը եզրափակել է Լապշինը:
 
Նա նաև չի մոռացել խոսել Լուկաշենկոյի դրդապատճառների մասին՝ Ադրբեջանից կորզած այն գումարների, հանուն որոնց Բելառուսի նախագահը համաձայնել է հարաբերությունները փչացնել Հայաստանի, Ռուսաստանի, Իսրայելի հետ։ Եվ դա՝
 
- Ինչ-որ մի բլոգերի համար։ Ահա թե ուր են գնում Կասպիականի նավթի փողերը։ Իսկ այդ ժամանակ ժողովուրդն աղքատության մեջ է՝ ստանալով ամսական 100-150 դոլար։
 
Դե ինչ, «իսլամական խալիֆայության խավարամտությունը» լավ էլ տաքացրել է բազմաթիվ գրպաններ՝ աշխարհին ստիպելով խարխափել քաղաքական խավարի մեջ: Այժմ արդեն հարցն այն է, թե խավարի այդ իշխանությունը որքան կշարունակվի: Ելնելով բացահայտվող ճշմարտություններից՝ գուցե ոչ երկար: