Գործող Նախագահի առաքելությունը
- Մենք այսօր չենք տեսնում, թե վերջ ի վերջո ովքեր են նրանք, ովքեր պետք է որպես լուրջ կառավարական թիմ գան, չենք տեսնում այն ծրագիրը, որը իրատեսական ծրագիր է և որով կարելի է երկիրը դուրս բերել այս վիճակից: Մեր կուսակցությունն ասում է` այս պահին մենք պահանջատեր պետք է լինենք, որպեսզի երկրի Նախագահը նախապատրաստի երկիրը որակական փոփոխությունների: Ինքը համակարգը չի կարողանալու փոխել, բայց իր առաքելությունը երկիրն այդ փոփոխություններին նախապատրաս տելն է,- ասում է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի ՍԱՐԳՍՅԱՆԸ:
- Դուք` որպես քաղաքական փորձառություն ունեցող գործիչ, ով միշտ եղել է մեզանում առկա քաղաքական գործընթացների եթե ոչ կենտրոնում, ապա առնվազն դրանց մասնակիցը, ինչպե՞ս կգնահատեիք մեր ներքաղաքական իրավիճակը:
- Առաջին հերթին պետք է նշել, թե ինչ վիճակ էր նախագահական ընտրություններից առաջ, այն առումով, որ այն կանխորոշեց այսօրվա իրավիճակը: Հստակ է, որ ժողովուրդը տարիներ շարունակ կուտակելով իր տնտեսական, սոցիալական վիճակից եկող մեծ դժգոհությունը, ևս մեկ անգամ փորձեց հասկանալ` իշխանությունը պատրաստվո՞ւմ է որևէ լուրջ քայլ կատարել` իրավիճակը շտկելու համար: Երբ ընտրությունների նախօրեին պարզվեց, որ իշխանությունները ոչ մի լուրջ խոստում չտվեցին առաջիկա 5 տարիների ընթացքի համար, ժողովուրդն էլ գնաց ու քվեարկեց: Նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ ժողովրդին կամ կաշառում էին, կամ ահաբեկում, պարզապես պարտադրում էին, որպեսզի կատարի իրենց կամքը: Այս անգամ գրեթե չկաշառեցին` ասֆալտապատում չարեցին, տանիք չվերանորոգեցին: Կարծես թե լավ ու ճիշտ էր ամեն ինչ. այսինքն ոչ թե միայն ընտրություններին պետք է հիշել ժողովրդի հոգսերի մասին, այլ ամեն օր: Կարծես առանձնակի ճնշում էլ չեղավ ժողովրդի վրա, և հատկապես քաղաքներում մարդիկ հասկացան, որ իրենք իրավասու են և կարող են իրենց կամքն իրականացնել: Արդյունքը տեսանք. ստվար զանգվածների դժգոհությունն արտահայտվեց թվերով: Բայց պնդելու համար, թե որոնք են իրական թվերը, հարկավոր են համապատասխան իրավական փաստեր: Այդպիսիք դեռ ներկայացված չեն Րաֆֆի Հովհաննիսյանի թիմի կողմից: Եթե ՍԴ-ում կներկայացվեն դրանք` համապատասխան արձանագրություններ, հաստատվող համապատասխան փաստեր, ընտրությունների կամ դրանց հաջորդ օրը ներկայացված բողոքարկումներ և այլն, հասարակությունը կտեսնի և իր վերաբերմունքը կցուցաբերի:
- Բայց եղած խախտումների, կեղծիքների մասին շատերն են խոսում:
- Խոսելը քիչ է, պետք է կարողանալ հաստատել: Հայի բնավորության մեջ է` մենք գիտենք, որ անարդար է եղել և արդարության պահանջատերն ենք: Բայց մոռանում ենք, որ արդարության համար էլ է պետք պայքարել, և մոռանում ենք, որ պետք է նաև հաստատել ասվածը, իրեղեն ապացույցներ ներկայացնել: Առավել ևս, երբ արդարության պահանջը երկրից դուրս է գալիս, արդեն այլ շահերի է բախվում. դա էլ արդեն ուրիշ խնդիր է: Բայց ներքին կյանքում ևս պարտավոր ենք ամեն ինչը հստակ հաստատել. կարգ է: Իշխանությունը միշտ օգտագործել է վարչական ռեսուրսը, բոլոր հնարավոր և անհնար միջոցները` իր դիրքերը պահելու համար: Մենք էլ պետք է կարողանանք համապատասխանաբար ճիշտ կազմակերպվել և անհրաժեշտ եղածն անենք: Ընդդիմության շարքերում համախմբվածություն չի ստացվել ընտրություններից առաջ, նաև հիմա չի ստացվում այնպիսի համախմբվածություն, որը կարողանար գործոն դառնալ, ինչից և օգտվում է իշխանությունը:
- Բայց Րաֆֆիի շուրջ համախմբվելու նշույլներ նկատվում են, օրինակ Դաշնակցությունը:
- ՀՅԴ-ն` այո: Բայց ես Դաշնակցությանը հարց ունեմ. իսկ Ռոբերտ Քոչարյանի հետ ինչպե՞ս էին իրենք համերաշխ ապրում. ի՞նչ տարբերություն: Ի՞նչ է, Ռ.Քոչարյանն ավելի լավն էր, քան Սերժ Սարգսյա՞նը: Այս ողջ համակարգը ստեղծողը Քոչարյանն էր: Երեկ ի՞նչ էին անում, նույն` սոցիալական արդարության համար ինչո՞ւ չէին պայքարում այն 10 տարիների ընթացքում: Վերջ ի վերջո «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով չի կարելի աշխատել. խոսքը երկրի´, պետու-թյա´ն մասին է: Ինձ և մեր կուսակցութ յանն առաջին հերթին հետաքրքրում է պետության անվտանգության համակարգը, թե ինչպիսի՞ն է այն և ինչպիսի՞ն է լինելու, եթե որևէ բան փոխվի: Իսկ ինչի՞ վրա է խարսխված այսօրվա ազգային, պետական համակարգը. Դա ես և դուք չենք ընտրել, ընտրել են նախորդ և այսօրվա իշխանությունները: Դա Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացումն է, ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության խնդիրների կարգավորումն է: Եթե դա այսօր մենք հարցականի տակ դնենք, կնշանակի հարցականի տակ դնենք մեր պետության գոյությունը: Ունե՞նք այդ համակարգը շատ արագ այլ համակարգով փոխարինելու հնարավորություն:
- Համոզված եմ` շատերը կողմ կլինեն Ռուսաստանի հետ հարաբերությունների մերձեցմանը, սակայն երբևէ կողմ չեն լինի միասնական մաքսային համակարգին կամ Եվրասիական միությանը մաս կազմելուն: Դա գրեթե նույնն է, ինչ վերադարձ դեպի ԽՍՀՄ:
- Իսկ Եվրամիությունը խորհրդային միության տարրերը չունի՞. միասնական տարածք, միասնական պաշտպանվածություն...: Հարցն ուրիշ տեղ է. այսօրվա աշխարհաքաղաքական գործընթացները հասկանալու համար պետք է տեսնել, թե ինչպես է զարգանալու էս ամբողջը: Այսօր աշխարհը քաոսային իրավիճակում է, հստակ աշխարհաքաղաքական համակարգ դեռ չկա, այն ձևավորման փուլում է: Կապիտալիզմը` հին ձևով, տապալվել է, նոր մոդել է փնտրվում: Իհարկե, Հայաստանն այսօր չի կարող անդամակցել մաքսային միությանը. ընդհանուր սահման չկա: Սակայն Հայաստանը չունի նաև Արևմուտքի զարգացած տեխնոլոգիաներին համապատասխան բազա, համապատասխան կադրեր: Չունենք կարևորը` զարգացման համալիր ծրագիր:
- Բայց այդպիսի ծրագիր ունենալու համար անհրաժեշտ է ունենալ այդ ուղղությամբ աշխատող իշխանություն:
- Անպայման: Մենք օբյեկտիվորեն պետք է մոտենանք հարցին, ոչ թե նախասիրություններից ելնելով: Խնդիրն այն է, որ հասկանանք` ինչպես առողջացնենք մեր երկիրը, իրական զարգացման ուղի դուրս գանք: Կրկնում եմ` մենք պետք է որակական փոփոխությունների հետևողական պահանջատերը լինենք: