Մահապատժի «հետողորմյա»
Հունգարիայում արդեն բարձրաձայնում են մահապատիժը վերականգնելու անհրաժեշտությունը: Վարչապետ Վիկտոր Օրբանը առաջարկել է բանավիճել այդ թեմայով:
Օրբանի կարծիքով ծանր հանցագործությունների համար գործող պատիժները չափազանց մեղմ են: Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր Յորգ Լեյխֆրիդը, սակայն, ԵՄ բոլոր երկրներում վերացված մահապատժի վերադարձը համարում է բարբարոսություն:
Վարչապետի այս նախաձեռնությունը արձագանքն է երկիրը ցնցած մի սպանության. խոսքը ծխախոտի երիտասարդ վաճառողուհու խոշտանգման մասին է: Եվ, ընդհանրապես, ծխախոտի խանութների վաճառողների վրա հաճախակիացող հարձակումները անհանգստացնում են բնակչությանը: 2013 թվականից Հունգարիայում ծխախոտեղենի վաճառքը թույլատրվում է միայն հատուկ խանութներում, որոնց ապակիները պետք է մթնեցված լինեն: Այսպիսի որոշում ընդունած օրենսդիրների կարծիքով` մուգ ապակիները թույլ չեն տա, որ անչափահասները տեսնեն խանութում վաճառվող սիգարեթները:
Անչափահասները հազիվ թե գայթակղությունից զերծ մնան, բայց փոխարենը շրջապատի մարդկանց աչքերից «թաքնված» այդ խանութները հարմարավետ են հանցագործների համար. հարձակվելով գողության նպատակով` նրանք սպանում են վաճառողներին:
Ինչպես և սպասելի էր` Եվրախորհուրդը հայտարարել է, որ մահապատժի վերադարձը հակասում է Եվրոպայի դավանած արժեքներին: Եվրոպական Խորհրդի մարդու իրավունքների հարցերով կոմիսար Նիլս Մույժնիեկսն էլ անհանգստություն է հայտնել և Բուդապեշտին կոչ է արել ավելի շատ ուշադրություն հատկացնել մարդու իրավունքներին (տեղեկացրել է BBCru-ն):
Ստացվում է, որ մարդա-սպաններին արժանի պատիժը համահունչ չէ նրանց ձեռքով կյանքից զրկվողների իրավունքների պաշտպանությա՞նը: