Նրանց վերջին խոսքերը
Մահվան մահճում մարդիկ կարող են նաև չխոսել: Իսկ եթե խոսում են, հազիվ թե անկեղծ չլինեն: Մահից առաջ հավանաբար նրանք արտաբերում են հոգում կատարվածը, որպեսզի իրենց հոգին ավելի թեթևացած թռչի դեպի երկինք: Ոմանք էլ, զգալով վախճանը, չարանում են անզորությունից ու երևի չէին կամենա ասել այն, ինչն ակամա դուրս է թռչում նրանց շուրթերից:
«Լսենք», թե վերջին շնչում ինչ են ասել որոշ նշանավորներ:
- Երջանիկ եմ,-աչքերը փակելուց առաջ ասել է Ռաֆայել Սանտին (նկարիչ):
- Մոցա´րտ,- բացականչել է կոմպոզիտոր Գուստավ Մալերը: Նա վախճանվել է իր անկողնում և վերջին պահին նրան թվացել է, թե նվագախումբ է ղեկավարում: Ո՞վ գիտե, գուցե Մոցարտի հոգին է եկել` նրան հավիտենական կյանք ուղեկցելու:
- Ինչի՞ս են պետք էս բոլոր երգերը, հայր սուրբ. ախր դուք կեղծում եք,- իր մահվան մահճի մոտ սաղմոսներ երգող քահանային զայրացած ասում է կոմպոզիտոր Ժան-Ֆիլիպ Ռամոն, ում ակնհայտորեն դուր չէր եկել հոգևորականի երգը:
- Ես կորցնում եմ նրան,- հառաչել է երգիչ Ֆրենկ Սինատրան:
- 50 տարեկանում ամեն մարդ ունենում է այն դեմքը, որին ինքն արժանի է,- վերջին շնչում փիլիսոփայել է գրող Ջորջ Օրուելը, ում 46-ը նոր էր բոլորել:
- Վաղը լուսաբացին ես կենդանի չեմ լինի,- իր ամենավերջին կանխագուշակությունն է արել բժիշկ, ալքիմիկոս, աստղագետ Նոստրադամուսը: Ու չի սխալվել:
- Խնդրում եմ ներեք ինձ,- անզգուշաբար տրորելով իրեն կառափնարան տանող դահիճի ոտքը` արժանապատվորեն ասել է Ֆրանսիայի թագուհի Մարիա-Անտուանետը:
- Ես չգիտեմ, ինձ ինչպես ընկալեց աշխարհը: Ինքս ինձ միշտ թվացել եմ ծովի ափին խաղացող և գեղեցիկ քարերի ու խխունջների որոնումներով հրապուրված մի փոքրիկ տղա. մինչդեռ ճշմարտության հսկա օվկիանոսը փռված էր իմ առաջ` չուսումնասիրված,- ասել է ֆիզիկոս, մաթեմատիկ Իսահակ Նյուտոնը:
- Ես վիրավորել եմ Աստծուն և մարդկանց. չէ՞ որ իմ աշխատանքում չեմ հասել այն բարձունքին, որին ձգտել եմ,- ինքն իրենից դժգոհել է մեծ մտածող, գիտնական, նկարիչ Լեոնարդո դա Վինչին:
- Մեռնողին ոչինչ հեշտորեն չի տրվում,- ասել է քաղգործիչ, դիվանագետ, գիտնական, ժուռնալիստ Բենջամին Ֆրանկլինը, երբ դուստրը հորդորել է պառկել ուրիշ դիրքով, որպեսզի շնչելը հեշտ լինի:
- Դու հրաշալի ես,- կնոջը վերջին սիրո խոստովանություն է արել գրող Արթուր Կոնան Դոյլը:
- Բարի գիշեր, փիսիկս,- քնելուց առաջ կնոջը հրաժեշտ է տվել գրող Էռնեստ Հեմինգուեյը և գնացել իր սենյակ: Մի քանի րոպեից նա ինքնասպան է եղել:
- Թանկագինս, չմոռանաս, թե քեզ ինչ եմ խնդրել: Իմ դագաղի մեջ խաղաթղթերի կապոց և համակրելի շիկահերուհի դրեք,- մահից վայրկյաններ առաջ կատակել է կատակերգու դերասան Լեոնարդ Մարքսը:
- Ո˜նց է ինձ զզվեցրել այս ամենը,- բացականչել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը:
- Գրողը տանի: Չհամարձակվես Աստծուն խնդրել, որ ինձ օգնի,- իր մահվան մաճհի առջև աղոթող սպասուհուն պատվիրել է արտիստուհի Ջոան Քրոուֆորդը:
- Ա˜յ քեզ բան: Վատ չէ´: Ա´յ քեզ բան,- հավանաբար իր ստեղծածով հիացել է AΘΘle ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը: