Գուրգեն ԼՈՌԵՑԻ

Լոռվա կատակներ 


 

Լոռեցու տղան շնչակտուր տուն է ընկնում.

- Մամա, պապան ավտոյի տակ ընկավ:

- Վո˜ւյ, տնաշենի տղա,- տեղից վեր է թռչում մայրը,- ես էլ հենց իմացա կոֆեն թափվեց:

***

- Սաքո, աչքիս ոնց որ չաղացել ես,- ասացի լոռեցի հարևանիս:

- Այ տա, բա ինչ տեմ անիլ, ախորժակս որ տալիս ա, ուտեմ ո՞չ:

- Ուտիլդ քչացրու, որ մի քիչ նիհարես:

- Ես ուտիլից չեմ չաղանում:

- Բա ինչի՞ց, Սաքո:

- Ըշխատանք ճարի` ըշխատեմ, որ նիհարեմ...

***

- Վազգեն, ինչո՞ւ չես ժամանակին տուն գալիս:

- Ի՞նչ է պատահել, որ...

- Շուտ արի, որ պարապ չմնամ, զրից անենք:

- Այ կնիկ, քո զրիցն էլ կռի՞վն ա...

***

Գյուղամիջում մեկը հպարտացավ.

- Բոլոր մեծ մարդիկ էլ հայ են:

- Ուրեմն ե՞ս էլ եմ հայ,- հարցրեց Վաղոն:

- Այ տա, դու լռեցի ես:

***

- Էմմա, ռադիոն անջատիր, գլուխս ցավում ա:

Էմման ռադիոն անջատում է, նստում ամուսնու կողքին և սկսում է շատախոսել:

- Ա´յ կնիկ, ռադիոն անջատիչ ուներ` անջատեցինք, բա քե՞զ ոնց անջատենք:

***

- Ռաֆիկ, անունդ ի՞նչ է:

- Անունս Կառլեն է:

- Հա˜, Ռաֆիկ ջան, լավ էլ անուն ունես:

***

- Էդ ընչի՞ եք իրար միս ուտում:

- Ինձ ասեց` հո շա՞շ չես:

- Այ տա, էդքան հասարակ հարցին չես կարըմ ասես` հա կամ չէ...

***

- Մտածիր, նոր խոսիր, էլի ըլանի-ըլանի խոսում ես:

- Այ տա, որ առանց մտածելու կարըմ եմ խոսեմ, էլ ընչի՞ չրչարվեմ` անտեղի մտածեմ: