Լրտեսման հստակ կանոններ


«Նախկին» բառը, երևի, պետության առաջնորդների պարագայում չի նշանակում անտարբերություն երկրի հանդեպ: Համենայնդեպս` Բիլ Քլինթոնը չի դադարում մտածել իր երկրի անվտանգության ապահովվածության մասին:

Վերջերս տեղեկատվության այն արտահոսքը, թե Միացյալ Նահանգների ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել է արտասահմանյան երկրների ղեկավարներին` լավագույն վկայությունն է, որ անհրաժեշտ է փոխել հատուկ ծառայությունների մեթոդները. հայտարարել է էքս-նախագահը:

- Կարծում եմ` հարկավոր է սահմանել համաշխարհային առաջնորդների խոսակցությունները գաղտնալսելու շատ հստակ կանոններ,- ասել է Քլինթոնը` ամերիկյան մի հեռուստազրույցի ժամանակ:

Նրա խոսքերով` իր նախագահության ընթացքում (1993-2001 թթ.) ինքը մեծ զգուշավորությամբ է վերաբերվել հետախուզական տեղեկատվության հավաքման այդ ձևին:

- Այն, թե ինչպես է ձեռք բերվել այդ տվյալները, կասկածներ է հարուցում, որ դա ամրապնդել է մեր անվտանգությունը: Եվ բացարձակ ակնհայտ է, որ որոշ մարդիկ դա ընդունել են որպես միջամտություն անձնական կյանքին,- ասել է Քլինթոնը:

Ժողովրդավար գործիչը նաև առաջարկել է հանրային քննարկմամբ ճշտել, թե ինչ կանոններով պետք է ծավալվի նման գործունեությունը (տեղեկացրել է «Ինտերֆաքսը»):