Նոր հնարավորություններ և մարտահրավերներ
Մերձավոր Արևելյան տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական վերջին շրջանի զարգացումներն այնպիսի իրավիճակ են ստեղծել, ինչպիսին չի եղել նախորդ քսան տարիների ընթացքում: Այդ իրավիճակի վրա Հայաստանի դերի ազդեցության մասին է զրույցը քաղաքագետ Սարո ՍԱՐՈՅԱՆԻ հետ:
- Արևմուտքի և Իրանի միջև վերջինիս միջուկային ծրագրի շուրջ վեճը վերջերս Ժնևում ավարտվեց կողմերի միջև համաձայնության կայացմամբ: Ի՞նչ կարող է բերել այդ համաձայնությունը տարածաշրջանի երկրներին և մասնավորապես Իրանի անմիջական հարևան Հայաստանին:
- Այդ համաձայնությունը խորքային առումով հայեցակարգային տեսանկյունից` աշխարհում կատարվողի ընդամենն արտաքին արտահայտությունն էր: Եվ հիմա մենք մուտք ենք գործում այնպիսի ժամանակահատված, երբ Իրանի և Արևմուտքի միջև գոյություն ունեցող հակամարտությունը կարծես մոտենում է հանգուցալուծման. ոչ թե ռազմական, այլ շահերի համադրման ճանապարհով: Ստեղծվող այս իրավիճակը Հայաստանին նոր մարտահրավերներ է մատուցում և նոր հնարավորություններ ստեղծում:
- Այդ համաձայնությանը հաջորդեց Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերացումը, ինչի արդյունքում բորսայում ընկան նավթի գները: Իսկ դա էլ, իր հերթին, կարող է բացասաբար անդրադառնալ ադրբեջանական նավթի գների վրա` տնտեսական խնդիրներ առաջացնելով Ադրբեջանի համար: Այս ամենի արդյունքում ի՞նչ կարելի է ակնկալել Հայաստանի համար:
- Այս ուրվապատկերում Ադրբեջան-Իրան հարաբերություններն անկանխատեսելի իրավիճակում են հայտնվում: Մինչ այդ էլ կար որոշակի հակամարտություն, և Ադրբեջանը փորձում էր օգտվել Արևմուտք-Իրան հակամարտությունից` Արևմուտքին գործընկեր դիտարկելով, Իսրայելի հետ առևտրատնտեսական և քաղաքական հարաբերություններ ստեղծելու ճանապարհով: Բնականաբար, նաև ղարաբաղյան խնդրում որոշակի դիրքեր գրավելու, նոր դաշնակիցներ, նոր շահեր ձևակերպելու համար: Ներկայում նկատվում է Ադրբեջան-Իրան հակամարտության խորացման միտումը: Եթե բարի դրացիական հարաբերություններ են ստեղծվում Իրանի և եվրոպական տերությունների, ԱՄՆ-ի միջև, նման համաձայնություններն այդ տերությունների առջև խնդիր են դնում, որպեսզի լրացուցիչ կապանքներով փորձեն Իրանին սաստել և թույլ չտալ, որ նա տարածաշրջանում շատ ավելի մեծ դիրքեր գրավի: Այդ տեսանկյունից շրջակա փոքր երկրները հենց այն կապանքներն են, որոնց քաղաքական, էթնիկ և այլ խնդիրներն օգտագործելով Իրանին կարող են զսպել: Սրանից ելնելով կարելի է կանխատեսել Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացումը: Այս տեսանկյունից պետք է դիտարկել նաև վերջին շրջանում Իրանի զինվելու փաստը: Ես համաձայն եմ այն դիտարկմանը, որ ռուս-թուրքական վերջին շրջանի ռազմական համագործակ ցությունը և Ադրբեջանի զինվելը պայմանավորված է Իրանի դերի առավել մեծացման և Արևմուտքի հետ սերտ հարաբերություններ հաստատելու արդյունքում տարածաշր ջանում Իրանի նշանակության ընդարձակման հետ: Հենց Ռուսաստանի շահն է պարտադրում, որ Ադրբեջանը «ֆորպոստ» դառնա իրանական քաղաքական ազդեցության տարածման դեմն առնելու համար: Դրանով է նաև պայմանավորված ռուսների կողմից Բաքվին զինելու փաստը, ինչը համապատասխանում է նաև Արևմուտքի շահերին: Հենց սրանով է բացատրվում, թե Արևմուտքը ինչու է հանգիստ հետևում Ռուսաստանի կողմից Բաքուն զինելու գործընթացին: Իրան-Արևմուտք հարաբերությունների դրական միտումները բերում են նաև որոշակի մարտահրավերներ, որոնք հավասարակշռելու խնդիր ունեն: Դա կատարվում է Ադրբեջանի միջոցով: Նույնը տեսնում ենք նաև Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության սաղմնային վիճակի առնչությամբ:
- Այսինքն, մենք ականատեսն ենք նոր աշխարհակարգի ստեղծմա՞ն:
- Ըստ էության` այո: Իզուր չէ ժամանակին հայտարարվել Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում վերբեռնման գործընթացի մասին: Այսօր մենք այդ վերբեռնման քաղաքականության առարկայական փուլ մտնելու ականատեսն ենք:
- Այդ ամենի համատեքստո՞ւմ պետք է դիտարկել նաև վերջերս Մոսկվայում ՌԴ նախագահի և Իսրայելի վարչապետի հանդիպումը:
- Դժվարությունն այստեղ այն է, որ պայմանավորվածություններն առարկայանում են մի կողմից Ռուսաստան-արևմտյան տերություններ ուղղությամբ, մյուս կողմից` Իրան-արևմտյան տերություններ ուղղությամբ: Ըստ էության կրկնակի ընդհանուր հայտարարի է բերվել աշխարհակարգը, սակայն չեն կանոնակարգվել Ռուսաստան-Իրան հարաբերությունները և տարածաշրջանի մյուս տերությունների` Թուրքիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի հետ կապված խնդիները: Սրանք են, որ անկանխատեսելի իրավիճակ են ստեղծում տարածաշրջանում: Հենց այս տեսանկյունն է, որ պետք է մեզ մտահոգի: Ի դեպ, Իսրայելը հիմա շատ վատ վիճակում է. նա ամենից դժգոհ և իրեն զոհի կարգավիճակում տեսնող կողմ է: Այսօր և´ Թուրքիան, և´ Իսրայելը փաստի առջև են կանգնած ու թերևս համատեղ ջանքեր գործադրեն, որպեսզի Իրանի դերի մեծացման առաջացրած վիճակից կարողանան դուրս գալ:
- Իսկ այս ամենը ի՞նչ խնդիրներ և դրական միտումներ կարող են ունենալ Հայաստանի համար:
- Հայաստանի վիճակը շատ բարդ է, որովհետև այս տարի Հայաստանը վերջնականապես խաչ քաշեց իր սուբյեկտայնության վրա: Խոսքը Ս. Սարգսյանի` սեպտեմբերի 3-ին Մոսկվայում արած հայտարարության մասին է: Հայաստանը գործիք է դառել, գնդակ է դարձել, որին հարվածում են…
- Այսինքն, Հայստանը կորցրել է ինքնուրույն արտաքին քաղաքականություն ունենալու հնարավորությո՞ւնը:
- Այո: Այսօր կարծես նոր հնարավորություններ են բացվում Իրան-Սև ծով-Եվրոպա տրանզիտային երկիր դառնալու համար: Բայց քանի որ ՌԴ-Իրան հարաբերություն ներում չկա պայմանավորվածություն, Հայաստանի համար Իրան-Արևմուտք մերձեցումը կարող է նաև մարտահրավեր դառնալ: Կարող է ՌԴ կողմից ուղղակի պարտադրան քի միջոցով թույլ չտրվի Հայաստանին դառնալ Իրան-Սև ծով տրանզիտային երկիր, քանի որ Ռուսաստանն իր համար մարտահրավեր է դիտում Իրան-Արևմուտք հարաբերությունների սերտացումը: