Ո՞Վ ԿՕԳՆԻ ԹՇՎԱՌ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ


Էդգարը 26 տարեկան է, խնդիրներ ունի մտավոր ունակությունների հետ: Նա բանակից ազատվել է հոգեկան խանգարումների համար, սակայն իրեն հիվանդ չի համարում, որովհետև ուզում է աշխատել և հոգալ իր ու քրոջ մասին: Եվ աշխատում է: Գտնվել է Արմեն անունով մի բարի մարդ, որը վեց տարի առաջ նրան վերցրել է իր մոտ` արհեստանոց, մեծագույն դժվարությամբ սովորեցրել ու դարձրել իր օգնականը: Էդգարը խոսում է անընդհատ, երբեմն չլսելով դիմացինին, նա իր հոգսերն ունի, իր խնդիրները:

Շատ ծանր մանկություն է ունեցել: Հայրը մոտ երեսուն տարի աշխատել է Հանրապետական հիվանդանոցում որպես վարսավիր: Ունեցել է առողջական խնդիրներ` կապված հոգեկան առողջության հետ: Օգտվելով այս առիթից, նրա կինը` Անահիտը, տուն է բերել Սամվել անունով մի տղամարդու, որը դարձել է «ընտանիքի անդամ»: Էդգարը պատմում է, որ երբեմն ինքն ու քույրը տեսել են մորն այդ տղամարդու հետ անկողնում… Երբեմն հայրն է եկել տուն, տեսել կնոջն այդ տղամարդու հետ անկողնում, սակայն խեղճացած ամուսինը չի կարողացել ելնել կնոջ դեմ… Հետո մայրը որոշել է մեկնել Միացյալ Նահանգներ, և Սամվելի դրդմամբ, վաճառվել է 16-րդ թաղամասում գտնվող բնակարանը: Ինչպես հետագայում Սամվելն է ասել` ընդամենը 1500 ԱՄՆ դոլարով… Հասկանալի է, որ գումարների մի զգալի մասը վերցրել է Սամվելը, իսկ ահա Հայաստանում ԱՄՆ դեպանատունը մերժել է Անահիտի մեկնումը: Եվ ընտանիքն ապրել է մի վարձով բնակարանում` ամսական վճարելով 40 հազար դրամ: Էդգարը չորրորդ դասարանից հետո դպրոց չի գնացել, սիրել է թափառել: Քույրը նույնպես ունի առողջական խնդիրներ, ունի մտավոր հետամնացություն, սովորել է ութ տարի: Մի քանի տարի առաջ մահացել են Էդգարի մայրը և հայրը: Նրանք հայտնվել են փողոցում: Օգնության ձեռք է պարզել արդեն հիշատակված Արմենը, նա կազմակերպել է Էդգարի հոր և մոր թաղումները, ամեն կերպ օգնել է որբացած հիվանդ պատանիներին: Էդգարի հորեղբայրն է մի քանի անգամ եկել, ուտելիք բերել, իսկ հետո դադարեցրել է օգնությունը, ԱՄՆ-ում ապրող հարազատները մոռացել են այս երեխաներին, որոնք արդեն տուն էլ չունեին, ապրում էին լքված մի տնակում: Շուտով այս տնակն էլ են խլել նրանցից, մի բարի մարդ է գտնվել և տրամադրել իր թիթեղյա տնակը, որտեղ էլեկտրականություն, կոմունալ պայմաններ չկան… Քույր և եղբայր հիմա ապրում են այդ տնակում, որը ևս շուտով կկորցնեն, որովհետև տերը խնդրել է ազատել:

Ու՞ր են գնալու այս երկու հիվանդ երիտասարդները, ինչպե՞ս են ապրելու ձմռանը… Էդգարն ասում է, որ ամեն ինչ անորոշ է, Արմենը շատ է օգնում, սակայն նա էլ չունի այնպիսի հնարավորություններ, որպեսզի տեղավորի որևէ տեղում…

Գուցե կգտնվե՞ն կառույցներ և մարդիկ, որոնք ձեռք կպարզեն բախտի խորթ զավակներին…