ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԵՆՔ ՀԱՍՑՆՈՒՄ
ԱՊՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Մարդը սովորականի պես ամենօրյա իր գործին էր, երբ նրան մոտեցավ մի էակ:
-Հերիք է աշխատես,- ասաց,- դուրս եկ պարտեզ: Սքանչելի է օրը: Օդը` թարմ-թարմ: Արևը ծիածան է կապել հենց բակում` ծաղիկների մեջ: Թվում է` ծիածանի գույներն ես շնչում, դրախտային գույների բույրը...
-Ե՞ս:- Զարմացած, կիսաժպիտով խոսեց մարդը:- Ինձ ո՞վ կթողնի: Ես աշխատում եմ:
Էակը նայեց նրան... Հեռացավ:
Մյուս անգամ, երբ էակը կրկին այցելեց, մարդը ազատ էր, պատշգամբում նստած:
-Վերցրու այս բանալին,- ասաց,- կբացես երկրային վայելքների դուռը. կվայելես երկրային հաճույքները:
Մարդը նայեց նրան: Հասկացավ, թե ինչ հաճույքներ նկատի ունի էակը:
-Չեմ կարող,-ասաց:- Արգելում են ինձ մեր օրենքները: Դա մեղք կլինի:
Էակը ձեռքը դեռ երկար պահեց մեկնած` մատներին զգալով մարդու հայացքը, բայց նա մնաց աներեր.
-Չեմ կարող:- Կրկնեց ցածր, ասես կիսաձայն:
Երբ հաջորդ անգամ էակը այցելեց մարդուն, նա ճոճաթոռին կիսանիրհած էր:
-Մի´ քնիր,-ասաց:- Ահա քեզ երկրային դրախտի հասցեն: Շուտ արա: Շտապի´ր: Ժամանակն անցնում է:
Մարդը կեսմարած մի աչքը բացեց:
-Ես շատ հոգնած եմ... Չեմ ուզում ոչինչ...
Էակը ցնցեց նրա ուսերը:
-Բայց դու լսեցի՞ր` ես ինչ ասացի:
Մարդը հորանջեց: Բառերը հեգեց ալարկոտությամբ.
-Թող մնա հետո... Մի ուրիշ անգամ: Ուրիշ ժամանակ:
Անցավ ժամանակ, և մի օր, երբ մարդը որոշեց դուրս գալ պարտեզ, նրա դեմ կանգնեց մահը:
-Վերջ,- ասաց:- Քո ժամանակը ավարտվեց: Հետևիր ինձ:
Մարդը մի պահ քարացավ.
-Այսքան շո՞ւտ:
Ի պատասխան` մահը զարհուրելի հայացքով նայեց նրա աչքերին:
-Բայց ես...,- դողաց մարդու ձայնը,- ես դեռ չապրեցի: Չվայելեցի կյանքը: Տուր ինձ ժամանակ, խնդրում եմ:
Մահը նայեց նրան ավելի սոսկալի հայացքով, ու մարդը սարսափեց... Եվ մահը տարավ նրան... Եվ մարդը նայեց հետ` չվայելած վայելքների անհուն կարոտով, աչքերի մեջ` անմորմոք ցավ ու հավերժական ափսոսանք: