Հրեաները հայրենադարձվում են
Հայրենաբնակ համերկրացիներից ավելի մեծ Սփյուռք ունենալու փաստը միայն մեզ չէ բնորոշ: Հուսանք, որ մի օր էլ Հայաստանում հայերն ավելի շատ կլինեն, քան օտար ափերում: Իսկ մինչ այդ` Իսրայելում տեղի ունեցած ժողովրդագրական ուրախալի փոփոխության մասին:
Այս տարեսկզբին պատմության մեջ առաջին անգամ Իսրայելը դարձել է ամենամեծ թվով ազգությամբ հրեա բնակչություն ունեցող երկիրը` գերազանցելով նույնիսկ Միացյալ Նահանգներին (տեղեկացրել է «Կուրսոր»-ը` մեջբերելով տեղի ՆԳՆ-ի տվյալները):
Առաջին անգամ իսրայելցի հրեաների քանակը գերազանցել է 6 միլիոնը: ԱՄՆ-ում նրանք շուրջ 5,5 միլիոն են, որոնցից 2 միլիոնն ապրում է Նյու Յորքում և դրա շրջակայքում:
Երուսաղեմի հրեական համալսարանի տվյալներով` ամբողջ աշխարհում հաշվվում է 13,8 միլիոն հրեա: Ու եթե Հայաստանից արտագաղթը շարունակվում է ահագնանալ, ապա հրեաների թիվն արտերկրներում աստիճանաբար նվազում է: Ընդհանուր առմամբ այսօր Իսրայելում ապրում է 8 միլիոն մարդ: Քանակով երկրորդը արաբներն են (1,6 միլիոն), երրորդը` արևելաեվրոպական ծագմամբ քրիստոնյաները (հիմնականում` նախկին ԽՍՀՄ-ից հայրենադարձված հրեաների հարազատները):
Տևական ժամանակ Միացյալ Նահանգներն իր հրեա բնակչությամբ գերազանցել է Իսրայելին: Սակայն աշխուժացած հայրենադարձությունն ու բարձր ծնելիությունը փոխել է իրավիճակը: