ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ 


 

Բոլորին է հայտնի, որ հայկական ծագումով մի քանի գործիչ, ստանձնելով այլ պետություններում բարձր պաշտոններ, ամեն ինչ արել են` իրենց հայկականությունը թաքցնելու և հայերի դեմ ելնելու համար: Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը, Ստալինը ոչնչի առջև կանգ չէին առնում հայերի հանդեպ դաժան լինելու համար: Նրանց ոտնահետքերով է ընթանում նաև Թբիլիսիի բժշկական համալսարանի հիմնադիր նշանավոր գիտնական, ազգությամբ հայ Սահակովի թոռ Միխեիլ Սահակաշվիլին, ով այսօր արդեն դարձել է Վրաստանի ձևական նախագահն ու սեփական երկրում հենարաններ չգտնելով` շողոքորթության հանդեսներ է սարքում Ադրբեջանում` ամեն կերպ քծնելով ու շաղակրատելով Իլհամ Ալիևին:

Օրեր առաջ նա հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ` Ադրբեջանից աջակցություն հայցելով աբխազական երկաթուղու վերականգնման խոչընդոտման հարցում: Որպեսզի Ադրբեջանում հավատան ու վստահեն Սահակաշվիլուն, նա թափանցիկ ակնարկ է արել այն մասին, որ աբխազական երկաթուղու վերականգնմամբ հայերը դուրս կգան շրջափակումից: Այսինքն, Ադրբեջանը ֆիասկո կապրի և չի կարողանա տնտեսական շրջափակման մեջ պահել Հայաստանը:

- Երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկումը ուժգին հարված կլինի ոչ միայն Վրաստանի, այլև Ադրբեջանի շահերին,- հայտարարել է Սահակաշվիլին:

Այս հայտարարությունը բավական է, որպեսզի Հայաստանը դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան և պահանջի պատժել Վրաստանի տակավին գործող նախագահին` տնտեսական և հումանիտար շրջափակումը խրախուսելու, տնտեսական ագրեսիա հրահրելու համար:

Ինչպիսի՞ արձագանք կլինի Հայաստանում: Արդյո՞ք հավերժորեն նիրհող մեր խորհրդարանը որևէ քայլ կձեռնարկի:

Հայտարարությունն արդեն իսկ հուշում է, որ տևական ժամանակ Սահակաշվիլու Վրաստանն աջակցել է Ադրբեջանին, նպաստել վերջինիս հակահայկական հիսթերիային: Ավելին, ընդօրինակելով ադրբեջանցիներին, Վրաստանի նախագահը պայքար հայտարարեց ամենայն հայկականության դեմ, փակել տվեց հայկական դպրոցները, սկսեց ոչնչացնել հայկական Ջավախքը, իսկ Կարս-Ախալքալաք երկաթուղով էլ փորձեց ամբողջապես փոխել տարածքի ժողովրդագրական պատկերը: Ուրեմն, Հայաստանն ուներ ոչ միայն Ալիև թշնամի, այլև` Սահակաշվիլի, ով ամեն ինչ արել և անում է ընդդեմ Հայաստանի ու հայերի:

Իվանիշվիլու` քաղաքական դաշտում հայտնությունից հետո, ամբողջապես սասանվեցին Սահակաշվիլու դիրքերը, նա կորցրեց ազդեցությունը սեփական երկրում: Այսօր նրան լուրջ չեն ընդունում նաև Միացյալ Նահանգներում, բազմաթիվ եվրոպական երկրներում, որոնք ամեն ինչ արել էին` նրան ապօրինաբար իշխանություն բերելու և Վրաստանը տարածաշրջանում հենարան դարձնելու համար: Հիմա բոլորը հասկացան, որ Միխեիլը ամենասովորական դրածո էր, ով կատարում էր Արևմուտքի պատվերները: Սահակաշվիլու դիմակազերծումը մի ուրիշ ահավոր ծրագիր էլ բացահայտեց: Պարզվում է, որ Արև-մուտքը ակնհայտ աջակցության նշաններ ցույց չտալով Ադրբեջանի հանդեպ, այնուհանդերձ Սահակաշվիլուն է օգտագործել և նրա միջոցով Արևմուտքի աջակցությունը հայտնել Ադրբեջանին: Դեռևս իր պաշտոնավարման առաջին օրերին Հայաստան գալով և նախագահ Քոչարյանին իր եղբայրը հայտարարելով, Սահակաշվիլին, ըստ էության, փորձել է բթացնել հայկական կողմի ուշադրությունը և գործել ընդդեմ Հայաստանի` այսպիսով շահելով Թուրքիայի և Ադրբեջանի վստահությունը: Բնականաբար, Արևմուտքի հարճը դարձած վրացական առաջնորդը չէր կարող իր քայլերն ինքնուրույն անել, եթե չլիներ Արևմուտքի աջակցությունը: Ստացվում է, որ սրա միջոցով բացահայտվում է Արևմուտք-Ադրբեջան գործակցությունն ընդդեմ Հայաստանի...

Իհարկե, Միխեիլի´ն շատ ժամանակ չի մնացել պաշտոնավարման համար, Ադրբեջանին ուղղված սիրո խոստովանությունն էլ չի կարող փրկել նրան կործանումից, սակայն հիմա առաջ է գալիս աբխազական երկաթուղու խնդիրը: Չի բացառվում, որ Ադրբեջանը սկսի հանդես գալ ընդդեմ այս նախագծի և անգամ տնտեսական ու քաղաքական շանտաժի միջոցով փորձի խոչընդոտել երկաթուղու վերաբացումը: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ