ԱՄՈՒՍՆԱՑԵՔ, ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՔ 


 

Ամուսնությունը մարդու կյանքի գլխավոր իրադարձությունն է: Ձևավորվում է նոր ընտանիք, իմաստավորվում է ընթացքը, սկիզբ է դրվում հասարակական մի նոր օրգանիզմի: Իսկ ամուսնության կարևորագույն իրադարձությունն էլ հարսանիքն է, որն ամբողջ կյանքում մնում է հիշողության մեջ...…

Ամուսնության և հարսանիքի խնդիրները սակայն, այսօր զբաղեցնում, անհանգստացնում են մեր հանրությանը` այսպես նվազեցնելով թիվն ամուսնացողների: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 25-30 տարեկան տղամարդկանց մեծամասնությունը հրաժարվում է ամուսնությունից` գերազանցապես հարսանեկան ծախսերի ու դրանցից բխող դժվարությունների պատճառով:

Նվազագույն հաշվարկները ցույց են տվել, որ ամենասովորական, ինչպես ընդունված է ասել` համեստ հարսանիքի համար անհրաժեշտ է մեկ միլիոն դրամից ավելի: Երեսունհինգ հազար դրամ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին առնվազն տասը տարի պիտի աշխատի, որևէ լումա չծախսի, որպեսզի կարողանա նոր ընտանիքի ծնունդը նշել հարսանիքով: Բայց հարսանիքն ընդամենն առաջին քայլն է դժվարությունների ճանապարհին: Դրան հաջորդում են բնակարանի, աշխատանքի, այլ հարցեր, որոնք անհաղթահարելի խոչընդոտներ են դարձել մեր հասարակության համար: Պետությունն ու կառավարությունը երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար հիփոթեքային վարկեր տրամադրելու մասին որոշումներ են կայացրել: Սակայն մեր բանկերը ոչ թե առաջնորդվում են ժողովրդագրական ու ազգային խնդիրներով, այլ շարունակում են առաջ մղել «կացնային հոգեբանությունը»` այդպես շատերին զրկելով ընտանիքի բերկրանքը վայելելու երջանկությունից: Հիփոթեքային վարկ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի մի հսկա փաթեթ, ապա` տեղեկանք աշխատավարձի մասին: Ընդորում, աշխատավարձը պետք է լինի 120 հազար դրամից ոչ պակաս…

Խոստովանենք` այսօր շատ քիչ երիտասարդներ են այդքան գումար վաստակում, իսկ գյուղական բնակավայրերում, փոքր քաղաքներում դա համարվում է խիստ երազելի: Ուրեմն, ինչպե՞ս հիփոթեքային վարկ վերցնեն, երբ բանկերն իրենց օրենքներն են սահմանել` անվերջորեն խոչընդոտելով մեր առաջընթացին: Այս ամենի մասին բազմիցս տեղեկացվել է կառավարությանը, որը սակայն վարանում է կտրուկ քայլերի գնալ, վերջապես կարևորել Կենտրոնական բանկի դերը, վարկերի տրամադրումը դարձնել պետության գերակա շահերից մեկը, որպեսզի հնարավոր լինի լուծել պետության մեջ ծառացած շատ խնդիրներ: Առաջին հերթին` ժողովրդագրական խնդիրը: Օրավուր Հայաստանում պակասում է ծնելիությունը, օրավուր մենք կանգնում ենք բնակչութ յան նվազման ողբերգական խնդրի առջև: Այդպիսի անտարբերությունից զարմանալով, ակամա փորձում ես մտածել, որ առևտրային բանկերին արտոնութ յուններ տալով, ոմանք իրենց անձնական շահերն են հետապնդում: Իսկ հետո փորձում ես համոզել ինքզինքդ, որ, ի վերջո կլուծվի այս խնդիրը, և կսահմանվեն այնպիսի կանոններ, որոնք վարկերը մատչելի կդարձնեն «շարքայիններին»: Չէ՞ որ ունևորներին վարկեր պետք չեն: