«ԳՅՈՒՄՐՅԱՆ ԶԱՎԵՇՏՆԵՐ» ՇԱՐՔԻՑ 


 

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ոչ մի կերպ չի հաշտվում այն մտքի հետ, որ ինքն այլևս համայնքի ղեկավարը չէ: Ոչ միայն չի հաշտվում, այլև դիմում է քայլերի, որոնք ոչ միայն աննախադեպ են, անգամ` ծիծաղելի:

Այսպես, նախկին քաղաքապետն իրենց թաղում` Սլոբոդկայում, նախկին դատարանի շենքում ստեղծել է այլընտրանքային քաղաքապետարան: Ավելի ճիշտ, ոչ թե այլընտրանքային, այլ, իր հայտարարությամբ` իսկական քաղաքապետարան: Այստեղ աշխատանքի են անցել նրա նախկին թիմակիցները, ովքեր Սամվել Բալասանյանի ընտրվելուց հետո հեռացան քաղաքապետարանից: Քաղաքապետն ունի տեղակալներ, աշխատակազմի ղեկավար, բաժինների վարիչներ, մամլո խոսնակ... Ամեն օր Վարդան Ղուկասյանը հրավիրում է խորհրդակցություններ, ուսումնասիրում քաղաքին հետաքրքրող խնդիրները, հանձնարարություններ տալիս, ապա հաշվետվություններով հանդես գալիս տեղական հեռուստատեսությամբ:

Եթե իր արածին այսքան լրջություն չհաղորդեր Վարդան Ղուկասյանը, կմտածեինք, թե ընդամենը «թատրոն» է խաղում, բայց այս ամենը չափազանց զվարճալի լինելով, միևնույն ժամանակ խոսում է ամենաթողության մասին: Այնքան է իրեն անքննադատ համարել նախկին քաղաքապետը, որ այսօր էլ դիմել է մի քայլի, որն այլ կերպ, քան իշխանության կամայական բռնազավթում, չես անվանի: Հազիվ թե Ղուկասյանը գիտակցի իր քայլի հետևանքները, բայց նրա համար կարևորն այն է, որ ամեն օր մտնում է իր ստեղծած քաղաքապետարան և իրեն համարում համայնքի ղեկավար:

Մենք գյումրեցիներից հետաքրքրվեցինք, թե ինչպես են վերաբերվում նախկին քաղաքապետի այս քայլին: Շատերը քննադատեցին նրան, իսկ ոմանք էլ այս ամենը համարեցին «օյինբազություն»: Անգամ Սամվել Բալասանյանի հանդեպ ոչ բարյացկամ տրամադրված գյումրեցիներն ասացին, որ այսպիսով Ղուկասյանը կամենում է խանգարել գործող քաղաքապետին, մշտապես քաղաքում ստեղծել լարված իրավիճակ և խոչընդոտել սկիզբ առած աշխատանքներին: Մնում է հուսալ, որ երկրի իշխանությունները համապատասխան քայլեր կձեռնարկեն և «Վարդան Բարեպաշտին» թույլ չեն տա լինել «Վարդան Ինքնակոչ»: