ՈՎ ԵՎ ԻՆՉՊԵՍ 


 

Ես առաջինը փետրվարի 19-ից հետո հրապարակային նամակներ սկսեցի հղել նախագահ Սերժ Սարգսյանին, արդեն նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ հետո էլ իմ շատ սիրելի Անահիտ Բախշյանին: Նպատակս բելետրիստիկայի վերհառնումը չէր, այլ` հրապարակային քննարկումների ծավալումը...

Ու հենց այս համատեքստում ես ոչ պատահաբար քննադատեցի հրապարակային պաշտոնաբաշխման արարողությունը, որը ծաղրում էր մեր բոլորիս ձեռքբերումները: Իսկ ձեռքբերումներ կային, անշուշտ: Ժողովուրդը ոտքի ելավ և իշխանություններին իր ՈՉ-ն ասաց ոչ այն բանի համար, որ «Ժառանգության» մեկ-երկու երիտասարդ կամ էլ կուսակցությանն իբրև մոտ կանգնած մի քանի հոգի պաշտոններ ստանան... Չէի կամենա, որ ակամա ճանապարհ հարթեի ոմանց համար` շահարկելով առավել մեծ գաղափարները:

Եթե այս ողջ պայքարի, համաժողովրդական այս հուզումի ենթատեքստում իշխանության մեջ ոմանց ամրապնդվելու խնդիրն էր դրված, ապա դա կարող էր արվել այլ ձևով և այլ ճանապարհով: Այո´, ես առաջարկել եմ ազգային համաձայնության կառավարության ստեղծում, սակայն ոչ երբեք ժողովրդի տրամադրությունների շահարկման ճանապարհով... Ոչ ոք ոչ մեկի իրավունք չի տվել մոտ 500 հազար մարդու «ոչ»-ը սեփականաշնորհել ու դարձնել պաշտոնական աստիճաններով բարձրանալու խթանիչ ուժ: Ու ոչ ոք իմ ու մյուսների ձայների հաշվին իրավունք չունի որոշելու, թե այսինչը կամ այնինչն ինչ-որ պաշտոն է զբաղեցնելու...

Պարոնայք ժողովրդավարներ, իսկ մեզ հարցրե՞լ եք. արդյո՞ք մենք ուզում ենք ձեր առաջարկած թեկնածուներին, արդյո՞ք մեզ համար միանշանակ ընդունելի են այն մարդիկ, ովքեր փետրվարի 19-ից հետո գլխավորապես ստվերում են` դարան մտած չախկալի նման պատրաստ հարձակվելու այս կամ այն պաշտոնին... Խնդրում եմ և հորդորում, հրաժարվեք պաշտոններով գայթակղվելու թուլությունից: Շարժումը սկսել է հիմք դնել համակարգային փոփոխություններին. լոկալ ու անձնապաստան լուծումներ մեզ պետք չեն... 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ