Հարուստ պաշտոնյաները հանցագործ են
Մե´նք չենք ասում: Սա ռուսաստանցիների 44 տոկոսի կարծիք-համոզմունքն է:
Լևադա-կենտրոնը փորձել է ճշտել բնակչության կարծիքը` նրանց ուղղելով «Իշխանության ո՞ր կառույցներում են ավելի շատ հարուստները» և «Միլիոնատերերին պե՞տք է թույլատրել կառավարման մարմիններ» հարցերը:
Բնականաբար` մեծամասնությունը հակակրանք է արտահայտել ունևոր հայրենակիցների հանդեպ: Հարցվածների 1/3-ը հայտարարել է.
- Անպարկեշտ է, եթե պաշտոնյան կամ պատգամավորը շատ հարուստ են:
Եվս 44 %-ը դա «հանցավոր» է համարում: Իսկ ժողովրդի կարծիքը` ձայն բազմացը, չի կարող սխալ լինել: Բայց ահա յուրաքանչյուր 8-րդ հարցվածը դատապարտելի չի համարում մանդատի և հաստլիկ դրամապանակի համատեղումը:
Դատելով հարցման արդյունքներից, ճնշող մեծամասնությունը` 82 %-ը, համոզված է, որ պետական ծառայության անցնելու համար անհրաժեշտ է ունեցվածքի որոշակի չափանիշ սահմանել: Այսինքն, նշել թույլատրելի եկամուտների առավելագույն չափը (տեղեկացրել է «Տրուդ» թերթը): Այս պահանջի կողմնակիցները հիմնավորապես փաստարկում են դրա անհրաժեշտությունը: Նախ, պաշտոնյաներն ու պատգամավորները պարտ են գիտենալ, թե ինչ պայմաններում են ապրում հասարակ մարդիկ: Բացի այդ, նյութական կապիտալներով չծանրաբեռնված մարդն անկախ է` որոշումներ ընդունելիս: Ամենակարևորը. մարդիկ չեն կարողանում գտնել պարզունակ մի հարցի պատասխանը. եթե մեծահարուստներն իրենց փողերն արդար վաստակով են դիզում, ինչո՞ւ խելացի, մտածող մարդիկ, լավ կազմակերպիչները տեղ չունեն իշխանությունում: Չէ՞ որ նրանք շատ ավելի օգտակար կլինեն: