Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է եզդի համայնքի ներկայացուցիչներին` «Եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ հայերի և եզդիների միջև միշտ էլ ջերմ, բարեկամական հարաբերություններ են եղել.
- Հայաստանը ոչ միայն հայերի, այլև այնտեղ ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների հայրենիքն է, ու մենք պետք է աջակցենք միմյանց, ամեն մեկն իր տեղում պետք է օգնի, որ այն դառնա ապահով, բարեկեցիկ երկիր: Եկեք մեր շահը դարձնենք մեր երկրի բարեկեցությունը:
Ոստիկանության պետը տեղեկացրել է, որ առաջիկայում ոստիկանությունում ձևավորվելիք հասարակական խորհրդում կընդգրկվի նաև եզդի համայնքի ներկայացուցիչ: Բացի այդ` ոստիկանությունն այսուհետ առավել կակտիվացնի համագործակցությունը ազգային փոքրամասնության ներկայացուցիչների հետ:
Վլադիմիր Գասպարյանը նաև վստահեցրել է, որ ոստիկանությունն այսօր նորովի է մտածում և վստահաբար ծառայում է հանուն օրենքի ու ժողովրդի. փոխվում են ոստիկանության միտքը, պահվածքը, գործելաոճը:
Հյուրերն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել համագործակցել ոստիկանության հետ` հանուն հասարակական անվտանգության:
Հանդիպման ավարտին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հուշանվերներ է հանձնել հյուրերին: