Քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության միջոցառումները
Ս.թ. մարտի 26-ին Երևանում կայացավ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության պլանավորման ամենամյա համաժողովը: Միջոցառմանն ամերիկյան կողմից մասնակցում էին ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի և Եվրոպայում ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակն էր քննարկել 2013-2014թ.թ. ընթացքում հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ուղղությամբ ծրագրված միջոցառումները և ստորագրման նախապատրաստել ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության միջև պաշտպանական համագործակցության պլանը: Համագործակցության պլանի նպատակներն են.
- Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրագործման աջակցությունը` նպաստելով ՆԱՏՕ-ի հետ ռազմական փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը,
- պրոֆեսիոնալ ռազմական կրթության զարգացման աջակցությունը` նպաստելով պրոֆեսիոնալ սերժանտական կազմի` կրտսեր հրամանատարների պատրաստմանը,
- խաղաղապահ գործողությունների, ռազմաբժշկական առաքելությունների և ականազերծման գործողությունների նախապատրաստման գործընթացի աջակցությունը,
- ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կազմով վերապատրաստման կազմակերպումը Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ԶՈՒ մարտական պատրաստության կենտրոններում:
ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության միջև պաշտպանական համագործակցության պլանը ստորագրվելու է նամակների փոխանակման միջոցով առաջիկա շաբաթվա ընթացքում:
Ամերիկյան պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել են համագործակցության ամրապնդումը խաղաղապահ կարողությունների զարգացման և պաշտպանական բարեփոխումների ոլորտներում: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կարևորել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հետ պաշտպանական համագործակցության ծրագրի ստորագրումը և համագործակցությունն առավել թիրախային դարձնելու կողմերի պատրաստակամությունը:
Ամերիկյան կողմը ողջունել է պաշտպանության ոլորտում ԱՄՆ հետ համագործակցության զարգացնելու ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը և ընդգծել, որ համագործակցությունն ընդհանուր նպատակներ է հետապնդում և ուղղված է միջազգային կայունության ու անվտանգության ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: